Home / Հայաստան / Ռուսաստանը ռազմական վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար․ վրացի նախարար

Ռուսաստանը ռազմական վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար․ վրացի նախարար

Ռուսաստանը ռազմական վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, հայտնում է Georgia Online֊ը։

«Վրաստանը ամենաբարձր քաղաքական մակարդակով բազմիցս արձանագրել է իր հավատարմությունը կրակը չվերսկսելու հանձնառությանը։ Կայունության ամրապնդման համար միայն անհրաժեշտ է, որպեսզի Ռուսաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները ռազմական գործողությունները չվերսկսելու վերաբերյալ։ 2008 թվականին ու Ուկրաինայի ներկայիս իրադարձություններում գլխավոր ագրեսորը Ռուսաստանն է։ ՌԴ֊ն ռազմական վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար»,֊ հայտարարել է Ալասանիան։

Նախարարի խոսքով՝ Վրաստանում ՆԱՏՕ֊ի ենթակառուցվածք է տեղակայվելու, ու դա համաձանություն է, որին կողմերը եկել են Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի ընթացքում։

«Վրաստան֊ՆԱՏՕ փաթեթը ծառայում է նրան, որ Վրաստանում բացվի ՆԱՏՕ֊ի ենթակառուցվածք, ու որպեսզի մենք համատեղ զորավարժություններ անցկացնենք Ռուսաստանից բխող ագրեսիան զսպելու ու մեր պաշտպանության կարողությունները բարելավելու համար․․․ Ուժեղ Վրաստանը տարածաշրջանի կայունության երաշխիքն է»,֊ ընդգծել է Իրակլի Ալասանիան։

Նշենք՝ երեկ Ռուսաստանի ԱԳՆ֊ն տարածել էր հաղորդագրություն, որում նշված էր՝ Վրաստանում ՆԱՏՕ֊ի ենթակառուցվածքի տեղակայումը վտանգ կստեղծի Կովկասում հաստատվող կայունության համար։