Home / Տեսանյութեր / «Մայրապաշտ» Հայաստանում չկա՞ն ընտանեկան բռնության դեպքեր․ ֊ Չեմ հավատում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Մայրապաշտ» Հայաստանում չկա՞ն ընտանեկան բռնության դեպքեր․ ֊ Չեմ հավատում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը Հայաստան կատարած իր այցելության ընթացքում պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ ուշադրության կենտրոնում է պահել ընտանեկան բռնության խնդիրները և կանանց իրավունքները։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Մուժնիեկսն ընդգծել է, որ ինքը իշխանություններին կոչ է արել գործնականում կիրառել օրենսդրությունը։

Հանդիպելով գենդերային բռնության ենթարկված կանանց՝ նա կրկին լսել է, թե ինչպես է նրանց ծանր վիճակը կրկին անարձագանք մնացել քրեական արդարադատության համակարգի կողմից։

«Լուրջ ֆիզիկական բռնությունից տուժողները, ոմանք՝ տեսանելի վնասվածքներով, ինձ ասացին, որ ոստիկանությունը ակտիվ կերպով քաջալերել է իրենց բողոքներ չներկայացնել բռնություն կիրառող ընտանիքի անդամների դեմ։ Փաստորեն, երբ խոսքը գնում է ընտանիքի ներսում բռնի հանցագործությունների մասին, համակարգը հակված է ավելի շուտ պաշտպանել օրինախախտներին, քան տուժողներին», ֊ ասել է Մուժնիեկսը։

Վերջինս նշել է, որ երկրում առկա է սեռով պայմանավորված հղիության ընդհատումների անհամաչափ հարաբերակցություն (114 տղա֊100 աղջիկ, իսկ մարզերից մեկում 124 տղա֊100 աղջիկը), ինչը, հանձնակատարի խոսքով, գենդերային կողմնակալության ախտանիշ է։

Արձագանքելով Մուժնիեկսի խոսքերին՝ ասուլիսին ներկա կին լրագրողներից մեկը նշել է, որ իր հարևանությամբ 11 ընտանիք է ապրում, որտեղ ամուսնացած զույգեր կան, սակայն ինքը երբեք ընտանեկան բռնության դեպք չի տեսել։

«Ես ամուսնացած չեմ, մեր տանը բռնություն չկա, բայց ինձ մոտ տպավորություն է, որ մեր բոլոր հարևանները պետք է իրար ծեծեին, եթե կա այդ աստիճան գենդերային անհավասարություն։ Մեր հարևան 11 ընտանիքներից 8-ում [կանայք] պետք է ենթարկվեին բռնության։ Բայց նրանք ապրում են խաղաղ ու հանգիստ։ Այդ դեպքում՝ ինչո՞ւ են նրանք ապրում խաղաղ և չեն ենթարկվում բռնության», ֊ ասել է լրագրողը։

Մուժնիեկսը հայտարարել է, որ խնդիրն իրականում քողարկված է և այն խնդիրներից է, որ հեշտությամբ չի քննարկվում։

«Իմ այցելության ընթացքում ինձ բազմիցս ասել են, որ Հայաստանում «մայրապաշտության» մշակույթ կա։ Շատ լավ է, ուրեմն դուք չպետք է հարվածեք նրանց, չպետք է սպանեք նրանց։ Ու ամեն անգամ, երբ նման հանցագործություն է տեղի ունենում, պետք է հետաքննեք դա։ Դուք հստակ քաղաքական ուղերձ պետք է հղեք, որ անընդունելի է խփել, ծեծել կնոջը։ Դուք պետք է հետազոտություն իրականացնեք, որպեսզի պարզեք խնդրի ամբողջական ծավալը։ Որովհետև, որքան գիտեմ, նման հետազոտություն դեռ չի եղել։ Եթե Հայաստանում չունեք ընտանեկան բռնություն, ուրեմն Եվրոպայում դուք բացառիկ երկիր եք։ Բայց, անկեղծ, ես դրան չեմ հավատում», ֊ հայտարարել է Նիլս Մուժնիեկսը։