Home / Հայաստան / Իրական իշխանությունը քաղբանտարկյալներ չի սարքում․ Րաֆֆի Հովհաննիսյան

Իրական իշխանությունը քաղբանտարկյալներ չի սարքում․ Րաֆֆի Հովհաննիսյան

Հատված «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթից, որը հնչել է հոկտեմբերի 10-ին կայացած ԲՀԿ֊ի, ՀԱԿ֊ի և Ժառանգության կողմից հրավիրված հանրահավաքի ժամանակ։

«Այսօր ձեր պահանջով Ժողովրդի ներկայությամբ չկան կուսակցական դրոշակներ, խոնարհվել են հայոց պետական դրոշի առջև։ Այդպես պիտի մնան մինչև մեր միասնական հաղթանակը…

Հինգ տարի առաջ այս օրը նա ստորագրել տվեց այն արձանագրությունները, որոնք հակապետական էին, հակասահմանադրական և շարունակությունն էին 1921 թվականին Մոսկվայում ստորագրված Կարսի պայմանագրի։ Անցյալ տարի պետական հանցագործությամբ նա գողացավ ոչ թե իմ քվեն, այլ ժողովրդի ձայնը՝ արհամարելով ժողովրդի կամքը հերթական անգամ։

Այսօր առանց որևէ լեգիտիմության կամ իրավակարգության առ ոչինչ իր ստորագրությունը դրեց մի փաստաթղթի վրա, որը վաճառում է Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը։ Միայն լեգիտիմ իշխանությունը կարող է ճշգրտել Ռուսաստան֊Հայաստան հորիզոնական իրական գործընկերության խնդիրը։ Միայն իրական իշխանությունը կարող է հաշվետու լինել հայ ժողովրդին՝ ձեզ։ Թույլ չտալով անարդարություններ, չսարքելով քաղաքական բանտարկյալներ, չհեգնելով Շանթ Հարությունյանին և ընկերներին, Վոլոդյա Ավետիսյանին, Վարդան Պետրոսյանին, այլ տեր կանգնելով մեր երկրի Սահմանադրական իրավունքին։

Շնորհակալություն եմ հայտնում այսօր հարթակում կանգնած բոլոր ուժերին, որ ամեն տեսակի տարաձայնություն հաղթահարեցին՝ միասին կանգնելու ձեզ հետ հաղթանակն ապահովելու համար»։

Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի վերջում հանրահավքի մասնակիցների մի մասը սկսել է վանկարել «Հիմա», «Շուրջօրյա»։ Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանակ է խնդրել մյու առաջնորդների հետ խորհրդակցելու համար։ Նա զրուցել է սկզբում Գագիկ Ծառուկյանի, ածա Լևոն Տեր֊Պետրոսյանի հետ։ Քիչ անց իր ելույթում անդրադառնալով խնդրին՝ Տեր֊Պետրոսյանը խնդրել է ինքնագործունեությամբ չզբաղվել, նշել է, որ «Հիմա» վանկարկումը սխալ է։

«Տիրապետելով լիարժեք տեղեկատվության և ելնելով նպատակահարմարությունից, Քառյակի ղեկավարությունն է սահմանում շարժման ընթացքի արագությունը և հանրային միջոցառումների ժամանակացույցը։ Ուստի ձեզանից ակնկալվում է լիովին վստահել Քառյակին և ըմբռնումով մոտենալ նրա կայացրած որոշումներին, որովհետեւ առանց փոխադարձ վստահության, մեր ձեռնարկած լրջագույն գործը չի կարող հաջողությամբ պսակվել», ֊ ասել է Տեր֊Պետրոսյանը։