Գլխավոր / Հայաստան / Մոսկվայի իշխանությունները չցանկացան միջամտել «Ադրբեջանի ներքին գործերին»

Մոսկվայի իշխանությունները չցանկացան միջամտել «Ադրբեջանի ներքին գործերին»

Երեկ՝ հոկտեմբերի 9֊ին, մի քանի իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ բողոքի ակցիա են անցկացրել Մոսկվայում Ադրբեջանի դեսպանության շենքի դիմաց։ Ակցիայի նպատակն էր ուշադրություն հրավիրել Ադրբեջանում քաղաքական ճնշումների, մասնավորապես, հասարակական գործիչներ Լեյլա Յունուսի ու Ինթիգամ Ալիևի ձերբակալությունների վրա։

«Կավկազսկի ուզել» կայքը հաղորդում է, որ ակցիան լուսաբանում էին փոքր թվով լրագրողներ։ Ակցիան անցկացնելու հայցը ներկայացրել էր «Քաղաքացիական աջակցություն» կազմակերպության նախագահ Սվետլանա Գանուշկինան (լուսանկարում)։ Նախապես ենթադրվում էր դեսպանության շենքի դիմաց խմբակային ցույց կազմակերպել, սակայն Մոսկվայի Կենտրոնական շրջանի պրեֆեկտուրան հրաժարվել է համաձայնեցնել միջոցառումը՝ հայտարարելով, որ այն «կարող էր ընկալվել որպես միջամտություն մեկ այլ երկրի ներքին գործերին»։

Գանուշկինան լրագրողներին բաժանում էր ռուսաստանցի իրավապաշտպանների դիմումը Եվրախորհրդարանին։ «Մենք այսօր այստեղ հավաքվել ենք, որպեսզի հրավիրենք Ադրբեջանի իշխանությունների, ինչպես նաև Եվրախորհրդարանի ուշադրությունը քաղբանտարկյալների խնդրի վրա»,֊ նշել է նա։

Ակցիան անցել է հետևյալ կարգով․ ցուցարարներից մեկը՝ «Ազատություն Լեյլա և Արիֆ Յունուսներին» գրությամբ պաստառը ձեռքին, կանգնել է դեսպանության շենքի դիմաց, մինչդեռ մյուս մասնակիցները սպասել են իրենց հերթին 50 մետր հեռավորության վրա։ Ակցիային, ընդհանուր առմամբ, մասնակցել է շուրջ 15 մարդ։

Ժողովրդավարության ու մարդու իրավունքների զարգացման կենտրոնի նախագահ Յուրի Ջիբլաձեն «Deutsche Welle»֊ի լրագրողի հետ զրույցում հայտարարել է, որ ակցիան չհամաձայնեցնելու առիթն աննախադեպ է․ «Այդ ձևակերպումն ասես վերցրած լինեն Ադրբեջանի կառավարությունից։ Չէ՞ որ Իլհամ Ալիևն է հենց այդպես արձագանքում միջազգային հանրության քննադատությանը՝ «Մի խանգարեք, մենք ինքներս կհարթենք մեր խնդիրները»»,֊ ասել է նա։

aMoscow1

Ջիբլաձեի խոսքով՝ Յունուս ամուսինների ձերբակալությունը Ադրբեջանում տիրող ռեպրեսիվ քաղաքականության գագաթնակետն է․ «Օգտվելով այն հանգամանքից, որ միջազգային հանրության ուշադրությունն այս պահին ուղղված է դեպի Ուկրաինան, Իլհամ Ալիևը որոշել է վերջնականապես լուծել ընդդիմության հարցերը։ Շուրջ 100 մարդ կալանավորված է, գրասենյակները ջարդուփշուր են արված, բազմաթիվ ընդդիմադիրներ թաքնվում են՝ ինչպես Ադրբեջանի տարածքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս»։

Իրավապաշտպան Լեյլա Յունուսն ու նրա ամուսինը՝ Արիֆ Յունուսը, ձերբակալվել են 2014 թվականի օգոստոսին։ Նրանց դեմ մեղադրանք է առաջադրվել հայրենիքի դավաճանության ու մի շարք այլ հոդվածների հատկանիշներով։ Յունուս ամուսինների գործունեությունը, մասնավորապես, ուղղված է հայ֊ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը։

Ի աջակցություն իրավապաշտպանների բազմիցս հանդես են եկել միջազգային կազմակերպությունները, Ադրբեջանի նախագահը, սակայն, մշտապես պատասխանում է, որ իր երկրում «որևէ մեկը քաղաքական հայացքների համար չի հետապնդվում»։