Գլխավոր / Հայաստան / Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել գերեվարված Կարեն Պետրոսյանի դին

Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել գերեվարված Կարեն Պետրոսյանի դին

Ադրբեջանն այսօր Հայաստանին է վերադարձրել օգոստոսի 7-ին գերեվարված Կարեն Պետրոսյանի դին: Այս մասին Epress.am֊ին ասել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մամուլի խոսնակ Զառա Ամատունին։

Փոխանցումը տեղի է ունեցել Իջևանի հետ սահմանակից Ղազախի շրջանի Ջաֆարլի գյուղի մոտակայքում:

Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերեվարվել էր օգոստոսի 7-ին և մահացել էր 1 օր անց։ Ադրբեջանի ՊՆ֊ի պնդմամբ՝ Պետրոսյանը դիվերսանտ էր և նրա մահը վրա էր հասել սրտի անբավարարության պատճառով։ Հայաստանի ՊՆ֊ն հայտարարել է, որ Պետրոսյանը զինծառայող չի եղել, իսկ նրա հարազատները պնդում են, որ նա առողջական խնդիրներ չի ունեցել։

Հայաստանյան ԶԼՄ֊ները օպերատիվ կերպով ապացույցներ են ներկայացրել, որ Պետրոսյանին ադրբեջանական գեներալի մոտ բերելուց և ծնկի իջեցնելուց առաջ զինվորական շորեր են հագցրել և որ սահմանն անցնելուց նա նման հագուստով չի եղել։