Home / Տեսանյութեր / Հայաստանը ստորագրեց ԵՏՄ֊ին միանալու պայմանագիրը․ Պուտինը հույս ունի՝ այն կվավերացվի մինչև տարվա վերջ

Հայաստանը ստորագրեց ԵՏՄ֊ին միանալու պայմանագիրը․ Պուտինը հույս ունի՝ այն կվավերացվի մինչև տարվա վերջ

Այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած Եվրասիական տնտեսական միության Գերագույն խորհրդի նիստին ստորագրվել է Հայաստանի՝ ԵՏՄ֊ին անդամակցելու մասին պայմանագիրը, հայտնում է «Ինտերֆաքսը»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ինքն ակնկալում է, որ անդամ բոլոր երկրների խորհրդարանները մինչև տարվա վերջ պայմանագրին հավանություն կտան։ 

«Մեր կարծիքով՝ Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ հավասար աշխատել Եվրասիական տնտեսական միությունում», ֊ հայտարարել է Պուտինը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանը շատ լավ գիտակցում է ստանձնած առանձնահատուկ պատասխանատվությունը՝ առաջինը միանալով Պայմանագրին:

«Ես համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք արդյունավետորեն իրագործել Հայաստանի միանալու գործընթացը՝ նվազագույնի հասցնելով ռիսկերը մեր երկրի համար և առավելագույնի հասցնելով ընդհանուր շահը:

Բանակցությունների փուլը հեշտ չէր, բայց շնորհիվ քաղաքական կամքի, պրոֆեսիոնալ մոտեցման և լավագույն որոշումներ փնտրելու պատրաստակամության, մեզ հաջողվեց այն անցնել բավականին կարճ ժամանակահատվածում և հաշվի առնել բոլոր ներգրավված կողմերի շահերը: Ես շնորհակալ եմ այդ գործընթացի բոլոր մասնակիցներին, առաջին հերթին՝ պետության ղեկավարներին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին, հանձնաժողովի կոլեգիային, բոլոր պաշտոնյաներին և փորձագետներին՝ այսքան կարճ ժամանակահատվածում կատարված այս ահռելի աշխատանքի համար», ֊ մասնավորապես, ասել է Սարգսյանը:

Հիշեցնենք, որ պայմանագիրն ուժի մեջ է մտնելու 2015թ․ հունվարի 1-ից։