Home / Հայաստան / Թուրքիայում բերման է ենթարկվել հինգ օտարերկրացի լրագրող

Թուրքիայում բերման է ենթարկվել հինգ օտարերկրացի լրագրող

Թուրքիայի ոստիկանությունը բերման է ենթարկել հինգ օտարերկրացի լրագրողի, այդ թվում՝ երեք ֆոտոլրագրողի Գերմանիայից, որոնք լուսաբանում էին երկրի մի շարք քաղաքներում վերջին օրերին ընթացող բողոքի ցույցերը, հայտնում է AFP գործակալությունը։ «Լրագրողներն առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ու քուրդ ակտիվիստները հաստատել են տեղեկատվությունը։

Նշենք՝ հոկտեմբերի 7֊ին սկսած բողոքի ցույցերի մասնակիցների մեծ մասը Թուրքիայի քրդերն են։ Բողոքի պատճառը սիրիական քրդաբնակ Քոբանի քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների ու քուրդ բնակչության միջև բախումներն են։

Ցուցարարները բողոքում են պաշտոնական Անկարայի անգործության դեմ, որն ամրապնդել է սահմանի պաշտպանությունը, սակայն ընդունել է սպասողական դիրք ու չի միջամտում Քոբանի քաղաքում տեղի ունեցող հակամարտությանը։

Բերման ենթարկված լրագրողներից մեկը՝ Բյորն Կիցմանը (լուսանկարում), Twitter֊ի իր էջում գրել է, որ ինքն ու երկու գործընկերները բերման են ենթարկվել «քրդերի բողոքի ցույցերը լուսաբանել ցանկանալու համար»։

Լրագրողները բերման են ենթարկվել հոկտեմբերի 11֊ին Թուրքիայի հարավ֊արևելքում՝ Դիյարբեքիր քաղաքում։ Երեք գերմանացի լրագրողները՝ Քրիստիան Գրոդոցկին, Բյորն Կիցմանն ու Ռուբեն Նոյգեբաուրերը, աշխատում են նույն գործակալությունում, ինչպես նաև մի շարք թերթերում ու ամսագրերում։ Նրանք մեղադրվում են որպես սադրիչ հանդես գալու մեջ։ Գերմանիայի ԱԳՆ֊ի ներկայացուցչի խոսքով՝ Անկարայում Գերմանիայի դեսպանությունը փորձում է պարզել իրավիճակը, մասնավորապես, «կապ է պահպանում Գերմանիայի քաղաքացիների ու իրավասու մարմինների հետ»։