Home / Հայաստան / Վկան պնդում է՝ նախկին չինովնիկին չի կաշառել, այլ «ծննդյան առթիվ» նվեր է արել․ դատ

Վկան պնդում է՝ նախկին չինովնիկին չի կաշառել, այլ «ծննդյան առթիվ» նվեր է արել․ դատ

Աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու և դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման գործով մեղադրվող Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի և մյուսների գործով այսօր ցուցմունք են տվել մի քանի վկաներ:

Մարտիրոսյանի պաշտպան Արթուր Գրիգորյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ վկա Արմեն Մանուկյանը պատմել է, որ իր կինը որպես վկա ցուցմունք էր տվել 6-րդ վարչությունում, և այդտեղից նրան ոստիկանի ուղեկցությամբ տեղափոխել են քննչական բաժին, որտեղ պահել են հարցաքննության թույլատրելի ժամանակից՝ 4 ժամից ավելի՝ մինչև 23.00-ն:

Գրիգորյանը նաև ասել է, որ նախագահողը հակասություն է տեսել Մանուկյանի դատական և նախաքննական ցուցմունքներում: Նա ասել է, որ նախաքննության ժամանակ Մանուկյանը չէր ասել, որ տեղյակ է եղել, որ կինը ոսկե մետաղադրամն ու կոնյակը նվիրել է Միսակ Մարտիրոսյանին՝ ծննդյան օրվա առթիվ: Վկան ասել է, որ դա նվեր էր, այլ ոչ թե «մաղարիչ»:

Մեկ այլ դրվագով վկա Աշոտ Գասպարյանը դատարանում հայտարարել է, որ իր հարևանին աշխատանքի տեղավորելու խնդրանքով դիմել էր Մարտիրոսյանին, սակայն վերջինս որևէ կաշառք չի պահանջել:

Մյուս երկու վկաները կարգադրիչներ էին, ովքեր գրանցված են եղել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում, սակայն աշխատանքի չեն գնացել:

Նրանցից Ալբերտ Այնաջյանը հայտնել է, որ իրեն զանգահարել է մի մարդ, ներկայացել որպես Բագրատ Արիկյանց, տվել իրեն բանկային քարտ, ասել, որ մի քանի օր գնա աշխատանքի, որպեսզի գոնե դեմքով ճանաչեն:

Գործով հաջորդ նիստը նշանակվել է հոկտեմբերի 20-ին: