Home / Հայաստան / Շիզոֆրենիա․ Ռուսաստանն ու Ուկրաինան, Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես դաշնակիցներ են

Շիզոֆրենիա․ Ռուսաստանն ու Ուկրաինան, Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես դաշնակիցներ են

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի թղթակից Անտոն Օրեխն անդրադարձել է Ուկրաինայի՝ ԱՊՀ֊ից դուրս գալու մտադրության մասին լուրերին․ «Ուկրաինան դո՞ւրս է գալիս երեք տառերից» հոդվածում Օրեխը խոսում է նման միավորման գոյության պարադոքսալ լինելու մասին․

֊ Գերագույն Ռադայի, որտեղ ԱՊՀ֊ից դուրս գալու մասին օրինագիծ են ներկայացրել, հաղորդագրության մեջ ամենազվարճալին այն է, որ Ուկրաինան, պարզվում է, մինչ օրս ԱՊՀ֊ի կազմի մեջ է։ Մեր ներկայիս կյանքը զավեշտախաղ կհիշեցներ, եթե այստեղ մարդկանց չսպանեին։ Մենք պատերազմում ենք Ուկրաինայի դեմ, հեռուստաէկրաններից ու ամբիոններից այն պատում ենք կեղտի հաստ շերտով, անվանում ենք ֆաշիստ, բայց, միևնույն ժամանակ, չենք մոռանում հիշեցնել, որ դա եղբայրական ժողովուրդ է ու մեզ օտար երկիր չէ։ Պատերազմում ենք, ու միևնույն ժամանակ, միմյանցից թթվասեր, կոնֆետներ գնում, բանակցում գազի գնի վերաբերյալ և այլն։ Ու այժմ ահա մեզ հիշեցնում են, որ անհաշտ պատերազմող կողմերը հանգիստ գտնվում են մեկ միավորման մեջ ու պաշտոնապես համարվում են դաշնակիցներ։

Ու չէ՞ որ դա ճիշտ է․ Պուտինն ու Պորոշենկոն հանդիպելիս ձեռք են սեղմում, այլ ոչ թքում միմյանց երեսներին։ Ըստ նախատեսվածի՝ ԱՊՀ֊ից դուրս գալու մասին օրինագիծը պետք է անցնի բոլոր ընթերցումները, լսումներն ու բոլոր ֆորմալ փուլերը և ընդունվի միաձայն կերպով կես ժամվա ընթացքում։ Հակառակ դեպքում, դա մաքուր շիզոֆրենիա է։ Չի կարելի միաժամանակ լինել և թշնամիներ, և դաշնակիցներ, պատերազմել ու միմյանց եղբայրներ անվանել։ ԱՊՀ֊ն, սակայն, ի սկզբանե տարօրինակ երևույթ էր։ Դեռ նոր էին լուծարել Խորհրդային Միությունը, երբ հորինեցին երեք տառից այս բառը։ Ինչի՞ համար։ Մեռավ՝ մեռավ։

Ուզում էիք բաժանվել՝ ինչների՞դ էր պետք ԱՊՀ֊ն։ Ուզում էիք միասին ապրել՝ ինչո՞ւ լուծարեցիք Միությունը։ Հայաստանն ու Ադրբեջանն ԱՊՀ֊ի անդամներ են, բայց ոչ այլ ինչ են, եթե ոչ ոխերիմ թշնամիներ։ ԱՊՀ֊ին անդամակցությունը Ռուսաստանին ու Վրաստանին չխանգարեց 2008֊ին արյունահեղություն կազմակերպել։ Անգամ տարօրինակ է, որ միայն դրանից հետո Վրաստանը լքեց այս արտառոց ակումբը։ Ոչ պակաս տարօրինակ է, որ այն դեռ չի վերադարձել այդտեղ։ Շուտով ԱՊՀ֊ն կնշի իր 25֊ամյակը։ Բայց այս 25 տարիների ընթացքում որևէ մեկն այդպես էլ չհասկացավ՝ այս կազմակերպությունն ինչու գոյություն ունի, ում է այն օգնել կամ, ընդհանրապես, այս բոլոր մարդկանց ինչն է կապում, բացի ավելի ու ավելի հեռացող անցյալից։

Տեղի ունեցողին ֆանտաստիկություն է ավելացնում հետևյալ զվարճալի մանրուքը․ պարզվում է՝ Ուկրաինան երբեք պաշտոնապես ԱՊՀ֊ի անդամ չի եղել, քանի որ այդպես էլ չի վավերացրել Համագործակցության կանոնադրությունը։ Այնպես որ, միգուցե Ուկրաինան դուրս գալու խնդի՞ր էլ չունի։