Home / Տեսանյութեր / Երևանի ապագայի թանգարանը բաց կլինի ընդամենը մեկ օր

Երևանի ապագայի թանգարանը բաց կլինի ընդամենը մեկ օր

Հայաստանը արդարացիորեն է կոչվում «ապագայի» ծննդավայր: Ավելի քան երկու հազար տարի առաջ, քրիստոնեական քաղաքակրթության լուսաբացին, Արարատի նախալեռներում, ծնունդ է առել պայքարողների եղբայրությունը՝ հանուն իդեալական հասարակության հավասարության եւ արդարության:

Այս պարբերությամբ է սկսվում Երևանի Ապագայի Պատմության Թանգարան նախագիծը ուղեկցող տեքստը։ Նախագծի շրջանակներում հոկտեմբերի 17-ին՝ ժամը 19։00-ին, Արտ-լաբորատորիայի արվեստանոցում (Հ․Քոչար 13, սենյակ 20, արաջին հարկ) տեղի կունենա մեկօրյա ցուցադրություն:

Նախագծի մասնակիցները գրում են․

– Հերոսների երկար ճանապարհը շարունակվում է մինչ օրս՝ անջնջելի հետքեր թողնելով նոր սերունդների՝ ազատություն հայցողների սրտերում: Եթե երկրի մարդիկ իմանային, թե որքա՜ն ստեղծագործական քրտինք, արյուն եւ ցավ է կրում իր մեջ երկար սպասված ազատ ապագան: Այդ գիտելիքը ոսկու գին ունի: Կարծես հրաշք դեղ լինի՝ ազատագրող բանականության քնից եւ քաղցր մոռացության ստրկությունից: Այդ պատճառով էլ չեն դադարեցվում հետապնդումները նրանց հանդեպ, ովքեր համարձակվում են պատմել ապագայի պատմությունները եւ պայքարել դրա համար: Մի օր, ազնիվ եղբայրության հաղթանակից հետո, անարդարության ու ճնշման շղթաներից ազատագրված Երեւանում կբացվի նորացված ապագայի պատմության թանգարանը:

Եվ այս նոր թանգարանում միահավաք կներկայացվի սերնդից սերունդ փոխանցվող երբեմնի ճնշված սերունդների պատմությունը: Ամբողջ Երկիր մոլորակի եւ բոլոր մյուս մոլորակների նորացված մարդկությունը կհիշի և կհարգի բոլոր նրանց հիշատակը, ում պարտական է ապագայով: Սակայն արդեն այսօր մենք կարող ենք սկսել մոտեցնել այդ օրը: Հետեւաբար, մենք առաջին անգամ Հայաստանում, միայն մեկ օրով, բացում ենք Երեւանի Ապագայի Թանգարանը:

Նախագիծը ստեղծել է Արսենի Ժիլյաեվը հայաստանցի արվեստագետների, մշակութաբանների, քաղաքական ակտիվիստների և համադրող Եվա Խաչատրյանի հետ համատեղ՝ Արվարձան մշակութային կենտրոնի և ArtsLink արվեստի կացարանի համատեղ ծրագրի շրջանակներում:

Նախագծի վրա աշխատել են՝ Արսենի Ժիլյաեվը, Եվա Խաչատրյանը, Մոմիկ Վարդանյանը, Արթուր Պետրոսյանը, Վարդան Ջալոյանը, Արա Նեդոլյանը, Վահրամ Աղասյանը, Էդգար Ամրոյանը, Հովհաննես Մարգարյանը, Հայկ Բիանջյանը, Նարեկ Ալեքսանյանը և Գրիգոր Խաչատրյանը: