Home / Հայաստան / Ադրբեջանը Ղարաբաղի գնով ԵՏՄ չի մտնի․ խորհրդարանի փոխխոսնակ

Ադրբեջանը Ղարաբաղի գնով ԵՏՄ չի մտնի․ խորհրդարանի փոխխոսնակ

Ադրբեջանը չի կարող մտնել որևէ միություն Ղարաբաղի պատճառով։ APA գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասքերովը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը լավ հարաբերություններ ունի և Ռուսաստանի, և Եվրամիության, և Եվրախորհրդարանի հետ․ «Մենք տարբերություն չենք դնում ու չենք փորձում որևէ կողմի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատել։ Ադրբեջանն այնպիսի փուլում է, որ մեր երկրի հանդեպ մի շարք երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, հետաքրքրությունն աճել է։ Մենք մեր արտաքին քաղաքականությունը կառուցում ենք` ազգային շահերից ելնելով»։

Անդրադառնալով պատճառներին՝ ինչու Ադրբեջանը չի մտնում Եվրասիական տնտեսական միություն՝ Ասքերովը նշել է, որ Ադրբեջանը չի կարող դառնալ որևէ միության անդամ Ղարաբաղի պատճառով։

«Ղարաբաղի հարցը սակարկման առարկա չէ։ Լեռնային Ղարաբաղն ու հարակից յոթ շրջանները ադրբեջանական տարածքներ են։ Մենք որևէ մեկի առջև չենք դրել որևէ միության անդամակցելու հարց, որպեսզի Ղարաբաղը տան մեզ»,֊ հայտարարել է Ասքերովը։