Home / Տեսանյութեր / Քաղաքական պատվերների դատավորը․ ով կարդաց Շանթ Հարությունյանի վճիռը

Քաղաքական պատվերների դատավորը․ ով կարդաց Շանթ Հարությունյանի վճիռը

Հոկտեմբերի 17-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը կարդաց Շանթ Հարությունյանի և ընկերների գործով վճիռը, որն իր կենսագրության ընթացքում հերթական քաղաքական որոշման ընթերցումն էր։ Վերջին 5 տարիների ընթացքում Մնացական Մարտիրոսյանը դատական համակարգի ամենաճանաչելի դեմքերից է: 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերից հետո նա մի շարք աղմկահարույց քաղաքական դատավճիռներ է ընթերցել՝ կատարելով իշխանությունների պատվերը: Ընդդիմության ներկայացուցիչների գործերով դատավարությունների ժամանակ պարզ է եղել՝ արդարացման վճիռ Մարտիրոսյանը չի կայացնելու: Բացի քաղաքական գործերից, Մարտիրոսյանը մի քանի այլ աղմկահարույց գործեր է քննել:

Մարտի 1. «7-ի գործ»

Նախկինում քննիչ և դատախազ աշխատած Մնացական Մարտիրոսյանը 2008-ից 2009 թվականը ընկած ժամանակահատվածում քննել է աղմկահարույց «7-ի գործը»: Մարտի 1-ից հետո ձերբակալված Ալեքսանդր Արզումանյանը, Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Շանթ Հարությունյանը, Սուրեն Սիրունյանը և Հակոբ Հակոբյանը մեղադրվում էին 2008 թվականի մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:

Նորանկախ Հայաստանի պատմության ամենասկանդալային դատավարություններից մեկի ընթացքում Մնացական Մարտիրոսյանը մի քանի անգամ մերժել է պաշտպան կողմի ինքնաբացարկի միջնորդությունը, սանկցիաներ կիրառել փաստաբանների ու մեղադրվող քաղբանտարկյալների նկատմամբ, ակնհայտ կողմնապահ վարք դրսևորել՝ պաշտպանելով իշխանությունների դիրքորոշումը: Դատական նիստերից մեկի ընթացքում Ալեքսանդր Արզումանյանը դատավորից պահանջել է իրենց չդիմել «ամբաստանյալ» բառով, Շանթ Հարությունյանն ասել է, որպեսզի Մարտիրոսյանը վճիռն ընթերցելիս հայտարարի, որ այն կայացվել է Ռուսաստանի Դաշնության անունից, իսկ Սուրեն Սիրունյանը պնդել է, որ դատավորը պետք է «իր վրա բենզին լցնի ու վառի»:

Հասկանալով, որ «7-ի գործը» լայն հնչեղություն է ստանում, իշխանությունները որոշում կայացրեցին իրարից անջատել քաղբանտարկյալների գործերը՝ դրանք բաժանելով 4 մասի: Հենց այդ քաղաքական որոշումն էլ դատարանում ընթերցել է Մնացական Մարտիրոսյանը:

Պետական դավաճանության գործը

2012 թվականին Մնացական Մարտիրոսյանին էին «վստահել» պետական դավաճանության մեջ մեղադրվող 3 անձանց գործը: Գործով անցնում էին նաև 3 քաղաքացի, ովքեր մեղադրվում էին հանցագործության մասին իմանալու և չհայտնելու մեջ:

Դատավարության ընթացքում ավելի մեծ թվով ապացույցներ են եղել Կարեն Մեհրաբյանի մասով, ով, ըստ քննիչի, 2011թ. մեկնել է Թուրքիա և որոշակի վարձատրության ստանալու դիմաց Տիգրան և Սայիդ անուններով հետախույզներին խոստացել է ԼՂՀ և ՀՀ բանակի վերաբերյալ տեղեկատվություններ տրամադրել:

Մեհրաբյանի պաշտպան Անուշ Հովհաննիսյանն ասել է, որ գործի քննության ընթացքում ապացուցվել է, որ Կարեն Մեհրաբյանն ընդամենը զոհ է դարձել հետախույզների դավադրության և իրականում չի իմացել, որ իր կողմից փոխանցված տեղեկատվությունը օգտագործվելու է երկրի դեմ: Փաստաբան Անուշ Հովհաննիսյանը խնդրել է նրա հանդեպ մեղմ պատիժ կիրառել, նույնիսկ եթե դատարանը մեղադրական դատավճիռ կայացնի:

Մինչդեռ մյուս մեղադրյլաների՝ Աշոտ Չտրկյանի և Ռոմիկ Մաթևոսյանի պաշտպանները՝ Հարություն Բաղդասարյանը և Սարգիս Ասլանյանը, դատավարության ընթացքում բազմիցս հայտնել են, որ իրենց պաշտպաններն անմեղ են և ոչ մի փաստացի ապացույց չկա, թե իրենք գործել են Մեհրաբյանի հետ:

Մնացական Մարտիրոսյանը ոչ մի փաստարկ հաշվի չի առել՝ Չտրկյանին ու Մաթևոսյանին դատապարտելով 10 տարվա ազատազրկման: Վերջին դատական նիստի ընթացքում դատարանի դահլիճում առաջին անգամ հայտնվել են հեռուստատեսությունների օպերատորները՝ առանց լրագրողների: Լրատվամիջոցների օպերատորների ներկայության մասին իրենց դժգոհությունը հայտնել են ամբաստանյալնների հարազատները, քանի որ նրանք հայտնվել էին դատարանում առանց միջնորդության, իսկ մինչ այս դատը նույնիսկ լուսանկար անելու միջնորդությունները մերժվել էին:

Օպերատորների ներկայությունից դժգոհ էին նաև Հարություն Բաղդասարյանը և Սարգիս Ասլանյանը: Ըստ նրանց՝ այդ հեռուստատեսությունները «ագիտացիայի վարչություն են, և միայն դատավճիռը ցույց կտան եթերում` ընտրելով ուզած կադրերը և ոչ մի խոսք չեն ասի ամբողջ դատակական պրոցեսից»:

Նիկոլ Փաշինյան

Մնացական Մարտիրոսյանը քննում էր նաև 1 տարուց ավել ընդհատակում անցկացրած և դատախազություն կամովին ներկայացած «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի գործը:

Փաշինյանի դատավարությունը նույն ընթացքն ունեցավ, ինչ Մարտիրոսյանի քննած նախորդ քաղաքական գործերը: Բազմաթիվ անգամ խախտելով պաշտպան կողմի իրավունքները, ուշադրություն չդարձնելով Փաշինյանի օգտին խոսող ապացույցների վրա՝ դատավորն ակնհայտ քաղաքական պատվեր կատարեց՝ Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցչին դատապարտելով 7 տարվա ազատազրկման՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանով, չնայած այդ հոդվածով դատախազը Փաշինյանի համար 6 տարի էր պահանջել:

ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներ

Մնացական Մարտիրոսյանի համար քաղաքական դատավճիռներ կայացնելու փուլը Փաշինյանով չի ավարտվել: 2010 թվականի մայիսի 31-ին մի խումբ ՀԱԿ ակտիվիստներ փորձել են մտնել Ազատության հրապարակ, սակայն ոստիկանները արգելել են դա անել: Նրանք բերման են ենթարկել 17 հոգու, այդ թվում՝ 3 լրագրողների, իսկ Դավիթ Քիրամիջյանին բերման ենթարկելիս ծեծել են: Քիրամիջյանին մեղադրել են խուլիգանության, իսկ մեկ այլ ակտիվիստ Սարգիս Գևորգյանին՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն կիրառելու մեջ:

Չնայած դատավարության ընթացքում վկաները, ինչպես նաև իրենք՝ ՀԱԿ ակտիվիստները, նշել են, որ բռնության չեն դիմել, հակառակը՝ երիտասարդների նկատմամբ է բռնություն կիրառվել, Մնացական Մարտիրոսյանն այդ փաստարկները հաշվի չի առել, Քիրամիջյանին ու Գևորգյանին մեղավոր ճանաչել՝ վճռելով երիտասարդների նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել և նշանակել 2 տարվա փորձաշրջան:

Շանթ Հարությունյան և ընկերներ

2013 թվականի նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը նախաձեռնած երթի ժամանակ մասնակիցներին սադրել են քաղաքացիական հագուստով անձինք։ Հետագայում դատարանում պարզվել է, որ դրանք ոստիկաններ են եղել, ովքեր իրավունք չունեին նման տիպի ծառայություն անցկացնեին քաղաքացիական հագուստով։ Այդ անձանց հետ բախումների ընթացքում ոստիկանները ձերբակալել են Շանթ Հարությունյանին և ընկերներին՝ նրանց մեղադրելով խուլիգանության, իսկ ոմանց՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ։

Դատավարության ընթացքում Մնացական Մարտիրոսյանն ակնհայտորեն պաշտպանել է մեղադրող կողմի վարկածը։ Ոստիկանների հարցաքննությունների ժամանակ նա մշտապես հուշումներ է արել նրանց, ուղղորդել պատասխանողներին, հանել է փաստաբանների՝ իր և որպես տուժող անցնող ոստիկանների համար անցանկալի հարցերը։ Դատավորը հատուկ ուշադրությամբ է վերաբերվել փաստաբանների հարցին, թե արդյոք ոստիկանները իրավունք ունեն ծառայություն իրականացնել քաղաքացիական հագուստով՝ երբեք թույլ չտալով, որպեսզի ոստիկանները պատասխանեն դրան։

Հոկտեմբերի 17-ին Մարտիրոսյանն ընթերցել է վճիռը` երթի մասնակիցներին մեղավոր ճանաչելով մեղասգրվող արարքների մեջ ու դատապարտելով ազատազրկման տարբեր ժամկետներով։ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը 4 տարվա ազատազրկման է դատապարտվել, բայց նրա պատիժը պայմանականորեն չի կիրառվելու։

Հոդվածի մի մասը Epress.am֊ում հրապարակվել է 2013 թվականի նոյեմբերի 19-ին

Լուսանկարը` court.am