Home / Հայաստան / Ղարաբաղում ձերբակալված ադրբեջանցիների գործով նախաքննությունն ավարտվել է

Ղարաբաղում ձերբակալված ադրբեջանցիների գործով նախաքննությունն ավարտվել է

ԼՂՀ Քարվաճառի (Քելբաջար) շրջանում հուլիսին դաժանաբար սպանված 17-ամյա Սմբատ Ցականյանի գործով նախաքննությունն ավարտվել է, և հոկտեմբերի 27-ին առաջին դատական նիստով սկսվելու է դատավարությունը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Ամբաստանյալի աթոռին են ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասքերովը: Այս գործով դատավոր է նշանակվել ԼՂՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Անատոլի Թադևոսյանը:

Հիշեցնենք, որ հուլիսին ԼՂՀ֊ի Քարվաճառի մոտ իրավապահները ձերբակալել էին Դիլգամ Ասքերովին և Շահբազ Գուլիևին, իսկ Հասան Հասանովը սպանվել էր։ Նրա դին վերադարձվել է հայրենիք։

Պաշտոնական Բաքուն պնդում է, որ ձերբակալվածները և սպանվածը երկրի Զինված ուժերի հետ որևէ առնչություն չունեն։ Հայկական կողմը հրաժարվում է ձերբակալվածներին ռազմագերու կարգավիճակ տրամադրել։

Լեռնային Ղարաբաղի դատախազությունը նրանց մեղադրում է լրտեսության, առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու, զենքի գործադրմամբ, մարդուն առևանգելով զուգորդված ազգային ատելության շարժառիթով սպանության, կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեջ:

Պաշտոնական մարմինների համաձայն՝ Ասքերովն ու Գուլիևը Քարվաճառի տարածքում առևանգել և սպանել են 17-ամյա Սմբատ Ցականյանին։ Բացի դա, ադրբեջանցիները սպանել են 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին և վիրավորել են 37-ամյա Կարինե Դավթյանին։