Home / Հայաստան / Ի՞նչ եղավ գործազուրկների նպաստը վերացնելուց հետո

Ի՞նչ եղավ գործազուրկների նպաստը վերացնելուց հետո

1 միլիոն մարդ աղքատ է, բնակչության 18.6%-ը՝ 220 հազար մարդ, պաշտոնապես գործազուրկ: Այս մասին այսօր ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի քննակման ժամանակ հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա նշել է, որ Վրաստանում աղքատ է բնակչության 14, իսկ Ադրբեջանում՝ 6%-ը, և կարծիք հայտնել, որ այդ թվերը պետք է վերլուծության ենթարկվեն:

«Մենք վերցրեցինք աղքատության նպաստները՝ 18 հազար դրամները հանեցինք, տանում ենք վերապատրաստման (գործազուրկների համար նախատեսվում էր վերապատրաստման դասընթացներ կազմակերպել ֊ խմբ․): Էդ վերապատրաստումների հետևից դուք գնացել ե՞ք: Ի՞նչ է կատարվում: Մոտ 230 հազար մարդ ստանում է նվազագույն աշխատավարձ՝ 50 հազար դրամ: Դուք կարո՞ղ եք ասել՝ 1700 դրամ օրական գումարով կարո՞ղ է ապրել մարդը, եթե ունի ընտանիք, կին և երեխա: Այս տվյալները ես կարող եմ շարունակել: Շատ լավ է, որ բյուջետային քննարկումների ժամանակ կարողացանք գումար հատկացնել և դուք (ՄԻՊ գրասենյակը) արագ արձագանքման խումբ ունեք, բայց դրանցից գործերը չեն լավանում»,- ասել է Մելքումյանը:

Պատգամավորն առաջարկել է բարձրացնել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերը, որպեսզի այն ոչ միայն մասնավոր դեպքերին գնահատական տա, այլ զբաղվի նաև քաղաքական և իրավական գնահատական տալով մարդու իրավունքների խախտման դեպքերին: