Home / Հայաստան / ԱԺ անհետաձգելի օրինագծեր են բերել ոչ իշխանական ուժերի առաջարկը տապալելու համար․ պատգամավոր

ԱԺ անհետաձգելի օրինագծեր են բերել ոչ իշխանական ուժերի առաջարկը տապալելու համար․ պատգամավոր

Ոչ իշխանական ուժերի օրենսդրական նախաձեռնությունների քննարկման մերժումն արդարացնելու համար ՀՀ կառավարությունը դիմել է խորամանկության՝ ԱԺ բերելով մի շարք օրինագծեր, որոնք անհետաձգելի են համարվել։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:

Երեկ ոչ իշխանական ուժերը հանդես են եկել նախաձեռնությամբ՝ առաջարկելով ԱԺ արտահերթ նիստում քննարկել կառավարման ճգնաժամի վերաբերյալ հայտարարությունը և Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու վերաբերյալ նախագիծը: Նրանք հավաքել էին արտահերթ նիստի համար անհրաժեշտ 44 ստորագրությունները:

Այսօր, սակայն, ԱԺ-ն սկսել է քննարկել Կառավարության ներկայացրած սահմանամերձ գյուղերին հարկային պատասխանատվությունից ազատելու մասին օրինագիծը, ապա պատրաստվում է քննարկել եկամտահարկի մասին օրինագիծը:

«Հերթական անգամ խախտվում է ԱԺ կանոնակարգը: Մեր առաջարկած օրենքները նաև հանրային քննարկումների անհրաժեշտություն ունեն: Իշխանություններն ուզում են թույլ չտալ, որպեսզի ընդդիմությունը արտահերթ նիստ հրավիրի և օրենսգրքում փոփոխություններ իրականացնի: Սա մանր խորամանկություն է, որն իշխանությունները փորձում են բանեցնել»,-ասել է Ռուբեն Հակոբյանը: