Home / Տեսանյութեր / Հայկ Կյուրեղյանին ծեծի ենթարկելու մասին գործը կարճվել է․ Փաստինֆո

Հայկ Կյուրեղյանին ծեծի ենթարկելու մասին գործը կարճվել է․ Փաստինֆո

Հատուկ քննչական ծառայությունը որոշել կարճել ոստիկանների կողմից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի շենքի դիմաց բողոքի ակցիայի անցկացրած Հայկ Կյուրեղյանի նկատմամբ բռնությունների վերաբերյալ քրեական գործը:

Այս մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնել է գործի շրջանակում տուժող ճանաչված Հայկ Կյուրեղյանի ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը։ Վերջինիս նշել է, որ որոշումն ընդունվել է հոկտեմբերի 13-ին, իսկ հոկտեմբերի 16-ին որոշումը փոխանցվել է քրեակատարողական հիմնարկում գտնվող Կյուրեղյանին:

Վարոսյանը նշել է, որ օրենքով սահմանված 7-օրյա ժամկետում որոշումը կբողոքարկվի:

Փաստաբանը քննչական մարմնի այս որոշումը գնահատում է որպես ակնհայտ անհիմն, սակայն ՀՔԾ-ի ոգով կայացված, միանգամայն սպասելի որոշում: Վարոսյանի խոսքով՝ ամբողջությամբ ոստիկանների ցուցմունքների վրա հիմնվելով՝ ՀՔԾ-ն քրեական գործի կարճումը պատճառաբանել է, որ քննությամբ չեն կարողացել ապացուցել, թե Կյուրեղյանի նկատմամբ ոստիկանների կողմից բռնություններ են գործադրվել:

Նշենք, որ հունիսի 12-ին քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների դատավարության մեկնարկին Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր դատարանի շենքի առջև տեղակայված ավտոմեքենաներից մեկի վրա և օդամղիչ ատրճանակով կրակել ոստիկանների ուղղությամբ: Կյուրեղյանը պահանջել էր ազատ արձակել քաղբանտարկյալներին։

Ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու մասին Կյուրեղյանը տեղեկացրել էր ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի ղեկավար Հասմիկ Սահակյանին։

Այնուհետև գործի շրջանակներում տրված ցուցմունքում Կյուրեղյանը պատմել էր, որ ոստիկաններն իրեն ծեծել են նախ ավտոմեքենայի մեջ, երբ տեղափոխում էին Ոստիկանության Կենտրոնի բաժին և երբ իր ձեռքերին ձեռնաշղթաներ էին հագցված, ապա նաև ոստիկանության բաժնի երկու տարբեր սենյակներում, ընդ որում՝ այդ անգամ բռնությունները կիրառվել են ոչ միայն համազգեստով ոստիկանների, այլև քաղաքացիական հագուստով անձանց կողմից: