Home / Հայաստան / «Դրդում են ինքնասպանության»․ Մեղադրյալը ՔԿՀ֊ից նամակ է գրել ԶԼՄ֊ներին

«Դրդում են ինքնասպանության»․ Մեղադրյալը ՔԿՀ֊ից նամակ է գրել ԶԼՄ֊ներին

Արդեն երեք տարի կալանքի տակ գտնվող Հրաչյա Գևորգյանն այսօր բաց նամակով դիմել է ԶԼՄ֊ներին՝ նշելով, որ իր դեմ հարուցված քրգործի քննությունն անօրեն ձգձգվում է։ Բացի դա, ամբաստանյալի խոսքով՝ բանտում գտնվելու ընթացքում իրեն խոշտանգել, ինչպես նաև ժամանակին չեն ապահովել իր բուժումը: Նամակը Epress.am֊ին փոխանցել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը։

Գևորգյանը մեղադրվում է իր հետ քաղաքացիական ամուսնության մեջ ապրող Նաիրա Հարությունյանին և նրա անչափահաս որդուն առևանգելու, ապա պատանդներին ազատելու պայմանով կնոջ հորից` Հարությունյանից գումար պահանջելու մեջ: Գևորգյանը չի ընդունում մեղադրանքը: Նրա մայրը՝ Նախշուն Ենգիբարյանը, ավելի վաղ պատմել էր, որ Նաիրա Հարությունյանը հեռախոսով ծանոթացել է ազատազրկման մեջ գտնվող իր որդու հետ, գնացել է կալանավայր նրա հետ երկարաժամկետ տեսակցության, իսկ Հրաչյայի ազատվելուց հետո որդու հետ ապրել է իրենց տանը:

Սակայն շուտով սկսվել են վեճեր, քանի որ տարբեր մարդիկ եկել, փող են պահանջել Հրաչյայից՝ ասելով, որ Նաիրան իր անունից պարտք է արել՝ խոստանալով, որ ազատվելուց հետո նա այդ պարտքերը կմարի:

«Հրաչը հարցնում էր՝ ի՞նչ փող ես վերցրել, ի՞նչ ես արել: Նաիրան ասում էր, որ իր հորն է տվել գումարը: Հրաչյան ասում էր՝ դե թող հայրդ էլ պարտքերը փակի: Դա չանելու համար Նաիրան այդ գործը սարքեց որդուս գլխին»,- ասել է Նախշուն Ենգիբարյանը:

Գործը ձգձգվել է երեք դատախազ և մեկ դատավոր փոխելու պատճառով։ Այդ ամենի հետևանքով դատավարությունը երկորրդ անգամ է սկսվել:

«Արդեն 3 տարի է՝ ես գտնվում եմ դատական պռոցեսների և քաշքշուկների մեջ, առողջական վատ վիճակում, Դատապարտյալների կենտրոնական հիվանդանոցում։ Հիվանդությունների ամբողջ պատճառը Մաշտոցի Ներքին գործերի բաժանմունքի (նկատի ունի ոստիկանության֊խմբ․) քրեական հետախուզության բաժնի նախկին պետ Արթուր Գևորգյանն է և նրա գլխավորած մի խումբ օպերները, քանի որ նրանց խոշտանգումների, ծեծի ու ջարդի պատճառով եմ ես այս օրն ընկել: Արդեն մեկ տարի ու կես է՝ ինչ նոր դատախազը ու նոր դատավորը վարում են իմ գործը: Ոչ մի անգամ չեն տեսել սուտ Նաիրա Հարությունյանին»,- իր նամակում գրել է Գևորգյանը:

Վերջինս նշում է, որ դատախազության կողմից կանչված վկան՝ Մերի Իսրայելյանն իր օգտին է ցուցմունք տվել, ինչը վկայում է, որ իր «գլխին սարքել են»։

Գևորգյանն ակնկալում է, որ իր գործի մասին ևս մեկ անգամ կբարձրաձայնվի մամուլում։

«Քրեականի պետը, քննիչը, դատախազը, ով ոնց ցանկանում է, այնպես էլ անում է։ Նորից ու նորից եմ խնդրում, որպեսզի օգնեք ինձ և բարձրաձայնեք իմ այս գործը։ Միտումնավոր ինձ դրդում են ինքնասպանության․․․», ֊ նամակը եզրափակում է Գևորգյանը։

Նշենք, որ այս պահին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ֊ում գտնվող Գևորգյանը այնտեղ է տեղափոխվել մի քանի բողոքի ակցիաներից հետո, որոնց ընթացքում նա մեխ և ասեղ էր կուլ տվել՝ պահանջելով զբաղվել իր բուժմամբ։