Home / Հայաստան / Հայաստանցի ու ադրբեջանցի «դիվերսանտները»

Հայաստանցի ու ադրբեջանցի «դիվերսանտները»

Ռեպորտաժում ներկայացված են Ղարաբաղի ու Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների տարածած տեսանյութերը, որոնց հերոսներին հայաստանյան ու ադրբեջանական մամուլում հաճախ անվանում են «դիվերսանտներ»։ Ըստ հայաստանյան մամուլի՝ դիվերսանտ է տեսանյութի աջ հատվածում ներկայացված տղամարդը, ադրբեջանական մամուլի համաձայն՝ ձախ հատվածում ներկայացվածը։ Ընդ որում, ԶԼՄ֊ների ներկայացուցիչները հաշվի չեն առնում անմեղության կանխավարկածը՝ հիմք ընդունելով միայն պաշպանության նախարարության տրամադրած տեղեկությունները։

Հիշեցնենք, սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը Ադրբեջանի տարածքում գերեվարվել էր 2014 թվականի օգոստոսի 7֊ին ու մահացել 1 օր անց։ Պաշտոնական Բաքուն ու տեղի ԶԼՄ֊ները նրան դիվերսանտ են անվանում, իսկ մահվան պատճառը, ըստ ադրբեջանակն կողմի, սրտի անբավարարությունն է եղել։ Հայաստանի ՊՆ֊ն հայտարարել է, որ Պետրոսյանը զինծառայող չի եղել, իսկ նրա հարազատները պնդում են, որ նա առողջական խնդիրներ չի ունեցել։

Ադրբեջանական մամուլում տարածված տեսանյութի համաձայն՝ Պետրոսյանին (տեսանյութում՝ աջից) ադրբեջանական գեներալի մոտ բերելուց և ծնկի իջեցնելուց առաջ զինվորական շորեր են հագցրել և որ սահմանն անցնելուց նա նման հագուստով չի եղել։ Ավելի վաղ՝ հուլիսին, Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը տարածել էր տեսանյութ, որում դիմակավորված զինված անձինք ուժով բերման են ենթարկում Քելբաջարի շրջանի նախկին բնակիչ, Ադրբեջանի քաղաքացի Դիլհամ Ասքերովին։ Հայկական ԶԼՄ֊ներում նրան անվանում են դիվերսիոն խմբի ղեկավար։ Նա ու Ադրբեջանի մեկ այլ քաղաքացի՝ Շահբազ Գուլիևը, ձերբակալված են։

Պաշտոնական Բաքուն պնդում է, որ ձերբակալվածները և սպանվածը երկրի Զինված ուժերի հետ որևէ առնչություն չունեն։ Հայկական կողմը հրաժարվում է ձերբակալվածներին ռազմագերու կարգավիճակ տրամադրել։

Լեռնային Ղարաբաղի դատախազությունը նրանց մեղադրում է լրտեսության, առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու, զենքի գործադրմամբ, մարդուն առևանգելով զուգորդված ազգային ատելության շարժառիթով սպանության, կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեջ:

Պաշտոնական մարմինների համաձայն՝ Ասքերովն ու Գուլիևը Քարվաճառի տարածքում առևանգել և սպանել են 17-ամյա Սմբատ Ցականյանին։ Բացի դա, ադրբեջանցիները սպանել են 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին և վիրավորել են 37-ամյա Կարինե Դավթյանին։