Home / Հայաստան / Րաֆֆի Հովհաննիսյանը հարգում է, բայց համաձայն չէ

Րաֆֆի Հովհաննիսյանը հարգում է, բայց համաձայն չէ

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հոկտեմբերի 24-ին կայացած եռյակի հանրահավաքին կրկին հիշել է Հայաստանի քաղբանտարկյալներին, չի համաձայնել ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանի և ԲՀԿ նախագահ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանի հետ՝ ընդգծելով, որ չհամաձայնվելու այդ «ներքին ազատությունն» իրենց շարժման հաղթանակի հիմքն է։

Մասնավորապես, անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին հնչած Տեր֊Պետրոսյանի կարծիքին, Հովհաննիսյանը նշել է, որ շատ հարգում է «առաջին նախագահի տեսակետը», թեև որոշ հարցերում համաձայն չէ։

«Նա խոսեց, և դա իր ազատ իրավունքն է, և ես պաշտպանում եմ իր իրավունքը, այդ ամեն ինչը ասելու… ամեն մեկս ազատ ենք, սա մեր հայրենիքն է», ֊ ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը։ 

Ինչպես և նախորդ հանրահավքին, նա կրկին ընդգծել է, որ Սերժ Սարգսյանն իր «առ ոչինչ ստորագրությամբ» Հայաստանը տանում է սխալ ուղղությամբ։ «Ժառանգության» նախագահը պահանջել է, որպեսզի իր խոսքը չխեղաթյուրեն ու սխալ չհասկանան, դրանում «ոչ հակառուսականություն կա, ոչ հակաամերիկանություն», այլ միայն Հայաստանում լեգիտիմ իշխանություն ունենալու պահանջ։

Իր ելույթի վերջին հատվածում Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ նստացույց անցկացնելու կոչերին՝ հայտարարելով, որ այդ հարցը քվեարկության կարող է դնել հաջորդ ելույթ ունեցողը՝ Գագիկ Ծառուկյանը, սակայն ինքը որպես քաղաքացի կողմ է այդ քայլին։

Ծառուկյանն իր խոսքի վերջում հայտարարեց․ «Այսօր ես ասում եմ՝ ոչ մի նստացույց չի լինելու»։