Գլխավոր / Հայաստան / Գյուղացիները բողոքում են. ջրագծերը չեն գործում, «Ջրմուղը» «լևի գծեր» տուգանելով է զբաղված

Գյուղացիները բողոքում են. ջրագծերը չեն գործում, «Ջրմուղը» «լևի գծեր» տուգանելով է զբաղված

Արարատի մարզի մի շարք համայնքներում խմելու ջրի՝ ընդամենը 6 տարի առաջ փոխված խողովակներն այլևս չեն գործում: Խողովակագծերի հանգույցներից ջուրն արտահոսում է, լցվում փողոցները, բակերը, մինչդեռ բնակիչները մնում են առանց խմելու ջրի: Ավելին՝ քանի որ ջրամատակարարումն իրականացվում է ոչ թե շուրջօրյա, այլ ժամային սահմանված ռեժիմով, այն ժամերին, երբ խողովակներով ջուր չի հոսում, կեղտաջուրն է հետ լցվում խմելու ջրի խողովակների մեջ:

«Մեր ջրի համը փոխվել է, փողոցներում տեսնում ենք՝ ինչ է կատարվում, չենք թողնում երեխաներին հոսող ջուրը խմել, եռացնում ենք: Մինչդեռ մեր ջուրը միշտ եղել է ամենահամով ջուրը»,- Epress.am-ին հայտնել է Այգեստան գյուղի բնակիչներից մեկը:

Նույն իրավիճակն է նաև Դվին գյուղում: Բնակիչներից մեկը նկատել է, որ խմելու ջուրը արտահոսում է արդեն մոտ 6 ամիս, սակայն միջոցառումներ չեն ձեռնարկվում ոչ գյուղապետարանի, ոչ «Ջրմուղի» կողմից:

«Ասում են՝ մասնագետ չունենք, երեք տեխնիկ կա, չեն հասցնում: Փոխարենը՝ շատ տեսուչներ ունեն, ակտիվորեն ստուգումներ են անցկացնում, ամեն տուն մտնում են ու «լևի» ջրագծեր փնտրում: Տուգանքն էլ հասնում է մինչև 200.000 դրամի՝ կախված խողովակի մեծությունից»,- ասել է գյուղացին:

1dvin

Հիշեցնենք, որ Դվին և Վերին Դվին գյուղերում մոտ մեկ ամիս առաջ գյուղացիները չէին ստանում ոռոգման ջուր: Գյուղացիները մարզպետարանի մոտ բողոքի ակցիաներ էին անցկացրել՝ փակելով մայրուղին, որից հետո ոռոգման ջուրը բացվել է, սակայն օրեր շարունակ առանց ոռոգման մնալու հետևանքով բերքի մի մասը փչացել էր: Այժմ Դվինի բնակիչներից ոմանք կարողանում են իրենց այգիները ոռոգել հոսող խմելու ջրով: 

2dvin