Home / Հայաստան / Դատարանն արդարացրել է Մաշտոցի քրեականի նախկին պետի դեմ քրգործ չհարուցելու որոշումը

Դատարանն արդարացրել է Մաշտոցի քրեականի նախկին պետի դեմ քրգործ չհարուցելու որոշումը

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհնուր իրավասության դատարանն այսօր մերժել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Հրաչյա Գևորգյանի ներկայացուցչի բողոքը՝ այն անհիմն որակելով։

Հայցվորը պահանջում է չեղյալ համարել Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) որոշումը, որով ՀՔԾ֊ն մերժել է Մաշտոցի ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ Արթուր Գևորգյանի դեմ քրեական գործ հարուցել։

Մեղադրյալ Հրաչյա Գևորգյանը բազմիցս հայտարարել է, որ քրեականի նախկին պետը սպառնացել է իրեն, սակայն ՀՔԾ֊ի համար դա բավարար հիմք չի դարձել քրեական գործ հարուցելու համար։

Ըստ Գևորգյանի՝ ոստիկանն իր հետ մի քանի անգամ հանդիպում է պահանջել, մեկ անգամ էլ հանդիպել է բանտում՝ ներկայանալով որպես իր բարեկամ։ Հանդիպման ժամանակ ոստիկանն ասել է, որ թույլ չի տա, որպեսզի Գևորգյանը բանտից դուրս գա, կպահի այնքան մինչև Գևորգյանը մահանա:

«Նենց մի արա, որ այլ ձևերով քեզ հասկացնենք», ֊ Հրաչյա Գևորգյանի պնդմամբ՝ ասել է ոստիկանը:

Epress.am-ն ավելի վաղ մի քանի անգամ անդրադարձել է Հրաչյա Գևորգյանի դատավարությանը։ 

Ըստ մեղադրանքի՝ Գևորգյանը և Գարիկ Հարությունյանը պատանդ են վերցրել Նաիրա Հարությունյանին, ով քաղաքացիական ամուսնության մեջ էր գտնվում Գևորգյանի հետ, նրա անչափահաս որդուն, ապա պատանդներին ազատելու պայմանով կնոջ հորից, գումար են պահանջել, որը ստանալուց հետո ազատ են արձակել պատանդներին: Գևորգյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Նա մի քանի անգամ ինքնավնասման է դիմել՝ պահանջելով բուժել իրեն և անհիմն չձգձգել քրեական գործի քննությունը։