Home / Տեսանյութեր / Հայաստանում ուկրաինական կայքի արգելափակումը կապի խափանման հետևանք է, պնդում է «Ռոստելեկոմը» (թարմացված)

Հայաստանում ուկրաինական կայքի արգելափակումը կապի խափանման հետևանք է, պնդում է «Ռոստելեկոմը» (թարմացված)

Հայաստանում հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող «Ռոստելեկոմ» ընկերության կողմից տրամադրվող ինտերնետային կապ օգտագործողները Epress.am֊ին ահազանգել են, որ իրենց մոտ արգելափակված են որոշ ուկրաինական կայքեր։ Ինտերնետային կապ մատակարարող այլ ընկերությունների ծառայություններից օգտվողների մոտ նույն կայքերը հասանելի են եղել։

Մասնավորապես, «Ռոստելեկոմ»֊ի բաժանորդներին անհասանելի է եղել «ՈՒՆԻԱՆ» պետական լրատվական գործակալության www.unian.net կայքը։ Մեզ հետ զրույցում ոլորտի մասնագետներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, ասել է, որ նման խափանումը չի կարող վկայել, թե կոնկրետ այդ կայքն են արգելափակվել։ Նա նշել է, որ հնարավորություն կա արգելափակելու IP հասցեն, ինչը կարող է հանգեցնել այդ IP-ով գրանցված մի քանի կայքերի արգելափակման։

1rostelekom

«Ռոստելեկոմի» ներկայացչությունից Epress.am-ին ասել են, որ ուկրաինական կայքի հետ խնդիրը կապի խափանման հետևանք է եղել, իսկ այժմ կայքը հասանելի է։2rostelekom

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին «Ռոստելեկոմը» խնդիր էր ունեցել նաև www.spigotmc.org կայքի հետ, ինչը նույնպես առաջացրել էր հայաստանցի օգտատերերի դժգոհությունը։ Ընկերությունը հանդես էր եկել պարզաբանմամբ և բացել էր կայքը Հայաստանի տարածքում։

Հ․Գ․ Հոդվածի նախնական տարբերակում նշված է եղել, թե «Ռոստելեկոմի» ներկայացուցիչն ասել է, որ կայքի արգելափակումը տեխնիկական խնդրի, այլ ոչ թե գրաքննության հետևանք է։ Հայցում ենք ընթերցողի ներողամտությունը։