Home / Տեսանյութեր / Նախարարը հոգեբուժարանների խնդիրը բարձրացնողներին կոչ է անում իրավապահներին դիմել

Նախարարը հոգեբուժարանների խնդիրը բարձրացնողներին կոչ է անում իրավապահներին դիմել

Հոգեբուժական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների, մասնավորապես, հիվանդներին ծեծելու, նրանց հարկադրաբար աշխատեցնելու մասին հայտարարություն անողներին առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը խորհորդ է տալիս դիմել իրավապահ մարմիններին: Նախարարը հոգեբուժարաններում իրավիճակին անդրադարձել է այսօր ԱԺ-ում՝ Epress.am-ի խնդրանքով մեկնաբանելով իրավապաշտպանների կողմից 6 հոգեբուժական հիմնարկներում անցկացված ուսումնասիրությունների արդյունքները:

«Ցանկացած նման հայտարարություն համարվում է հաղորդում հանցագործության մասին: Հայտարարողները պետք է տեղյակ պահեն իրավապահ մարմիններին: Կամ եթե հայտարարում են որևիցե մի ժողովում, թե իբր հոգեբուժարանի տնօրենը սեփականաշնորհել է հիվանդի բնակարանը կամ ծեծի է ենթարկում նրան կամ այլ իրավախախատ գործողություններ է անում, մենք ինքներս ենք այդ հարցին հետամուտ լինելու», – ասել է նախարարը:

Նշենք, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի հրապարակած հոգեբուժական հաստատությունների մասին զեկույցի համաձայն՝ հարցված 136 հիվանդներից 84-ը ասել է, որ ֆիզիկական զսպման է ենթարկվել, 75-ը նշել է, թե հարկադիր աշխատանքի է ենթարկվել:

Նախարարը վստահեցրել է, որ հոգեբուժարանի տնօրեններն ունեն հստակ հանձնարարական՝ դիմել դատարան, պահանջել մասնագիտական պատիվը վիրավորելու համար փոխհատուցում և պահանջել ներկայացնել այդ հայտարարության հիմքերը:

«Եթե նրանք չեն բացառում, որ նման դեպքեր լինում են, իհարկե, միանգամից տեղի են ունենալու վարչական համապատասխան որոշումներ և քրեական որոշումներ, եթե այդ հայտարարությունները հաստատվեն իրավապահ մարմիների կողմից», – ասել է Արմեն Մուրադյանը։

Հարցին, թե եղե՞լ է արդյոք մի դեպք, երբ հոգեբուժարանի աշխատողի կողմից մարդու իրավունքի ոտնահարման փաստը բացահայտվել և այդ աշխատակիցը պատժվել է, նախարարն ասել է, որ հոգեբուժարանների աշխատանքը խստացվում է, հաշվետվություններ են լսվում, իսկ վարչական տույժեր լինում են այն ժամանակ, երբ այդ աշխատանքը չի համապատասխանում նորմերին:

Անդրադառնալով հարցին, թե իրավապաշտպանները հաճախ քննադատում են հոգեբուժական հիմնարկներում հիվանդներին անհրաժեշտ թանկարժեք դեղերի բացակայությունը, Մուրադյանն ասել է.

«Նյութատեխնիկական վերազինման հարցը հոգեբուժական հիմնարկներում գլոբալ խնդիր է։ Հնարավոր չէ այդ հարցն անընդհատ շահարկել։ Անընդհատ շահարկելն իրատեսական չէ, կամ տեղիք է տալիս մտածելու, որ տենդենցիոզ մոտեցում կա այս հարցում»: