Home / Հայաստան / Պետական գնումների ոլորտում իսպառ բացակայում է թափանցիկությունը․ փորձագետ

Պետական գնումների ոլորտում իսպառ բացակայում է թափանցիկությունը․ փորձագետ

Հայաստանում պետական գնումների ոլորտում 2014 թվականին իրականացված դիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ այնտեղ թափանցիկությունն իսպառ բացակայում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հասարակական կազմակերպության փորձագետ Արտակ Մանուկյանը:

Ըստ փորձագետի՝ թափանցիկության բացակայությունը կարելի տեսնել պարզապես gnumner.am կայքը այցելելով, որտեղ, մասնավորապես, բացակայում են շահերի բախման հայտարարագրերը, ինչը օրենքի տարր է: Կայքում բացակայում է նաև որոշումների բողոքարկման լսումների օրերը, ժամերը, չնայած նման նիստեր գումարվում են:

Նա նշել է, որ պետական համակարգում մեծ թիվ են կազմում գնումները մեկ անձից, ինչը խոսում է մրցակցության բացակայության մասին։

«Պետական գնումների համակարգը նաև մրցակցություն պետք է ապահովի: Երբ որ գնումները կատարվում են մեկ անձից, մրցակցությունը իսպառ բացակայում է», ֊ ասել է Մանուկյանը՝ ընդգծելով, որ 2011-2013 թվականին գնումների 65 տոկոսը իրականացվել են մեկ անձից, 2014 թվականի 6 ամիսների ընթացքում այդ ցուցանիշը 55 տոկոս է եղել։

Փորձագետի խոսքով՝ 2011 թվականին «Գնումների մասին» օրենքում արված փոփոխությունները չեն նպաստել ոլորտում վիճակի բարելավմանը, այսօր էլ այնտեղ քաոսային վիճակ է տիրում։