Home / Հայաստան / Գլխավոր դատախազը Մարտի 1-ի գործի բացահայտման վերաբերյալ խոստումներ է տվել․ Ilur.am

Գլխավոր դատախազը Մարտի 1-ի գործի բացահայտման վերաբերյալ խոստումներ է տվել․ Ilur.am

2008 թվականի մարտի 1-ին զոհված անձանց հարազատները և ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր գլխավոր դատախազությունում հանդիպել են ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի (լուսանկարում) հետ, հայտնում է Ilur.am կայքը:

Հանդիպումը նախաձեռնել են զոհերի հարազատները, իսկ պատճառը նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հայտարարությունն էր, թե մարտի 1-ի մասով բոլոր բացահայտումներն արվել են, իսկ եթե կան էլ խոչընդոտներ, ապա դրանք զոհերի հարազատներն են ստեղծում:

Ilur.am֊ի փոխանցմամբ՝ հանդիպումից հետո Արամ Մանուկյանը նշել է, որ Կոստանյանը խոստումներ է տվել բացահայտման վերաբերյալ, իսկ կիրականացնի՞ իր խոստումը, թե՞ ոչ, կերևա առաջիկայում: Արամ Մանուկյանի խոսքով՝ ամբողջությամբ գործը բացահայտելու համար պետք է իշխանափոխություն լինի:

2008-ի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիրները 10 օր խաղաղ հավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում։ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանական ուժերը բռնության գործադրմամբ ցրել են ընդդիմության վրանային քաղաքը։ Նույն օրը՝ մի քանի ժամ անց, մարդիկ հավաքվել են Գրիգոր Լուսավորիչ փողոցում։ Երեկոյան ցուցարարների դեմ հրազեն է կիրառվել։ Սպանվել է 10 մարդ՝ 2 ոստիկան և 8 քաղաքացիական անձ։ Մինչ օրս սպանությունների համար ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ոչ ոք չի դատապարտվել։ Մարտի 1-ի դեպքերից հետո լուսանկարներ և տեսանյութեր են տարածվել, որոնք ապացուցում են, որ այդ օրն ընդդիմադիրների դեմ գործողություններում օգտագործվել են զինված ուժերը։