Home / Տեսանյութեր / ՎԻԴԵՈ․ Շանթի հեղափոխությունը

ՎԻԴԵՈ․ Շանթի հեղափոխությունը

2013 թվականի հոկտեմբերի 31-ին «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն Ազատության հրապարակում հայտարարեց իր պայքարի մեկնարկը։ Հարությունյանը նշում էր, որ պատրաստվում է հեղափոխություն անել՝ երկիրը հանցագործներից ազատագրելու համար։ Նոյեմբերի 5-ին նախաձեռնած երթից առաջ նա ընդգծեց, որ իր հեղափոխության ընթացքում մարտական զենք չի օգտագործելու, հեղափոխությունը կուսակցական չէ և իրեն կարող է միանալ յուրաքանչյուր ցանկացող։

Ազատության հրապարակից Մաշտոցի պողոտա դուրս գալուց հետո քաղաքացիական հագուստով անհայտ անձինք սադրանքների դիմեցին, Շանթ Հարությունյանի համախոհների ու այդ մարդկանց միջև ծեծկռտուք սկսվեց։ Ոստիկանությունը բերման ենթարկեց մի քանի տասնյակ մարդու, հետագայում նրանցից 14 կանգնեցին դատարանի առջև։

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ հանդիպման ժամանակ Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ ոստիկանության բաժնում իրեն ծեծի է ենթարկել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Այդ հայտարարությունն առանց քննության մնաց։

Նոյեմբերի 7-ին Epress.am֊ի հետ զրույցում իրավապաշտպան Միքյաել Դանիելյանը հայտարարեց, որ Շանթ Հարությունյանը քաղաքական բանտարկյալ է։ Հետագայում նույն գնահատականը տվեցին մի շարք տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ և Հայաստանում գործող քաղաքական ուժեր։

Հարությունյանը և ընկերները պաշտոնապես մեղադրվում էին խուլիգանության, նրանցից մի քանիսը՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ։ Նախաքննության և դատավարության ընթացքում իրավապաշտպանները բազմաթիվ խախտումներ գրանցեցին։ Ձերբակալվածների հարազատներին մի քանի ամիս թույլ չէին տալիս տեսակցել նրանց հետ, դատարանում որպես տուժող էին հանդես գալիս ոստիկանները, ովքեր քաղաքացիական հագուստով էին եղել ու երթի մասնակիցներին չէին ներկայացել։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հաճախ ուղղորդում էր վկայություն տվող ոստիկաններին, հանում նրանց համար անցանկալի հարցերը։ Դատավարության առաջին օրը՝ հունիսի 12-ին, դատարանի շենքի մոտ երիտասարդ Հայկ Կյուրեղյանը հայտարարեց, որ չպետք է թույլ տա, որ «Շանթին դատեն», բարձրացավ մեքենայի վրա ու օդամղիչ ատրճանակով կրակեց ոստիկանների ուղղությամբ։ Կյուրեղյանը ձերբակալվեց ու հետագայում նույնպես հայտարարեց, որ ծեծի է ենթարկվել ոստիկանության բաժնում, իսկ Շանթ Հարությունյանը դատարանում ողջունեց Կյուրեղյանի արարքը։

Ողջ դատավարության ընթացքում Հարությունյանը և ընկերները հայտարարում էին, որ իրենք քաղաքական հետապնդման են ենթարկվում ու չէին ընդունում առաջադրված մեղադրանքները։

Հոկտեմբերի 17-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանը վճռեց Շանթ Հարությունյանին դատապարտել 6 տարվա ազատազրկման, Վահե Մկրտչյանին՝ 7 տարվա, Ալբերտ Մարգարյանին՝ 6 տարվա, Ավետիս Ավետիսյանին՝ 5 տարվա, Վարդան Վարդանյանին՝ 5 տարվա, Լիպարիտ Պողոսյանին՝ 5 տարվա, Հայկ Հարությունյանին՝ 4,5 տարվա, Ալեք Պողոսյանին՝ 4 տարվա, Մկրտիչ Հովհաննիսյանին՝ 4 տարվա, Արմեն Հովհաննիսյանին՝ 2 տարվա, Սևակ Մնացականյանին՝ 1,5 տարվա, Տիգրան Պետրոսյանին՝ 1 տարվա։

Միսակ Առաքելյանի նկատմամբ կիրառվեց տուգանք նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։ Շանթ Հարությունյանի անչափահաս որդին՝ Շահեն Հարությունյանը, դատապարտվեց 4 տարվա ազատազրկման։ Դատարանը վճռեց պատիժը պայմանականորեն չկիրառել։