Home / Տեսանյութեր / Առաջնահերթը հոգեբուժարանների հիվանդների վիճակի բարելավումն է․ պատասխան նախարարին

Առաջնահերթը հոգեբուժարանների հիվանդների վիճակի բարելավումն է․ պատասխան նախարարին

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը խորհուրդ է տալիս Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին կարդալ իր կազմակերպության զեկույցները դրանց մասին կարծիք հայտնելուց առաջ: Այս մասին Սաքունցն ասել է Epress.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով նախարարի՝ հոգեբուժարանների մասին զեկույցի մեկնաբանությանը:

Նախարարն ասել էր, որ եթե իրավապաշտպանները հոգեբուժական հիմնարկներում հիվանդների նկատմամբ զսպման բռնի միջոցներ կիրառելու, նրանց հարկադրաբար աշխատեցնելու և այլ պրակտիկաների մասին տեղեկատվություն ունեն, ապա կարող են դիմել իրավապահ մարմիններին:

«Փակ հիմնարկներում մոնիտորինգի նպատակը ոչ թե դեպքերի բացահայտումն է, այլ իրավիճակի գնահատումը, որպեսզի խնդիրներին լուծում տրվի, այլ ոչ թե դատական գործ հարուցվի: Չնայած եթե լինում են կոնկրետ գործերով դիմումներ, մենք զբաղվում ենք նաև իրավական աջակցություն ցույց տալով դատական պրոցեսում»,- ասել է Սաքունցը:

Նրա կարծիքով՝ նախարարի պատասխանը ոչ թե անտեղյակության, այլ, հավանաբար, էմոցիոնալ արձագանքելու արդյունք է, քանի որ իրավապաշտպաններին չի կարելի վերագրել քննչական գործառույթներ:

Սաքունցի խոսքով՝ Հայաստանն ինքը ստորագրել է միջազգային համաձայնագրեր, որոնցով պարտավորվել է անկախ փորձագետների ներգրավել փակ հիմնարկներում մարդու իրավունքների ապահովման նպատակով դիտարկում անցկացնելու համար: Հայաստանը համաձայնագիր է ստորագրել հոգեբուժական հաստատություններում բուժում կամ խնամք ստացող անձանց սոցիալական ինտեգրման ապահովման վերաբերյալ, այսինքն՝ բուժման դեինստուցիոնալիզացիա իրականացնելու մասին, իսկ դիտարկումը նաև ցույց է տվել, որ հիմնարկները գործի միայն բուժական մասն իրականացնելով են զբաղված:

Ինչ վերաբերում է նախարարի այն գնահատականին, թե իրավապաշտպանների քննադատությունը տենդենցիոզ վերաբերմունքի մասին է վկայում, Սաքունցը նշել է, որ դա բնավ իրական գնահատական չէ:

«Եթե տենդենցիոզ մոտեցում ունենայինք, կվերցնեինք, կհրապարակեինք 2009 թվականի զեկույցը: Բայց մենք 2013 թվականի զեկույցով ցույց ենք տվել նաև, թե ինչ փոփոխություններ են արվել այս տարիների ընթացքում: Ինձ համար այդ մարդկանց վիճակի բարելավումն է առաջնահերթություն, ոչ թե մեղավորներ փնտրելը», – ասել է իրավապաշտպանը: