Home / Հայաստան / Խտրականությունը Հայաստանում խրախուսվում է պետական մակարդակով․ հայտարարություն

Խտրականությունը Հայաստանում խրախուսվում է պետական մակարդակով․ հայտարարություն

Հայաստանում խտրականության և ատելության կոչերը, անձանց ֆիզիկական և հոգեբանական շարունակական հետապնդումների ենթարկելու փաստերը, ինչպես նաև այդ առնչությամբ դատական համակարգի ոչ պատշաճ արձագանքն անթույլատրելի է։ Այս մասին ասված է 3 տասնյակ հասարակական կազմակերպությունների տարածած հայտարարության մեջ։

Հեղինակները, մասնավորապես, իրենց մտահոգությունն են հայտնում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռուբեն Ներսիսյանի կայացրած վճռի առնչությամբ, որով դատարանը մերժել թվով 16 հայցվորների պահանջը` պատասխանատվության ենթարկելու «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ին և «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին` հայցվորների պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի համար:

«Սույն որոշմամբ դատարանը վտանգում է քաղաքացիների անվտանգությունը, անձեռնմխելիությունը և խտրականությունից զերծ մնալու իրավունքը, և նպաստում է խտրականության հետագա առավել վտանգավոր դրսևորումներին», ֊ նշված է հայտարարության մեջ:

Վերջինիս հեղինակները համոզմունք են հայտնում, որ քաղաքացիների նկատմամբ նման վերաբերմունքը, որը հովանավորվում է պետական մակարդակով, ստեղծում է անպատժելիության մթնոլորտ և պարարտ հող` ատելության հիմքով ավելի ծանր դրսևորումներով նոր հանցագործությունների համար։

«Մասնավորապես, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, ով հանդիսանում է նաև «Իրավունք Մեդիա» ՍՊԸ–ի խմբագրական խորհրդի հիմնադիր-նախագահը, հրապարակավ աջակցում է խտրականության հրահրմանն ու ատելությանը` պնդելով թերթի կողմից վիրավորանք և խտրականություն պարունակող հայտարարությունների իրավաչափությունը: Իսկ Հայկ Բաբուխանյանին պետական ամենաբարձր մակարդակով մեդալների շնորհումը կանաչ լույս է վառում երկրում հանրությանը սեգրեգացնող և պառակտող տեսակետների տարածման համար», ֊ նշում են ՀԿ֊ների ներկայացուցիչները։

Հայտարարության հեղինակները պահանջում են ՀՀ իշխանություններից․

֊ դատապարտել զանգվածային լրատվության և այլ միջոցներով բարձրաստիճան պաշտոնատար, ինչպես նաև այլ անձանց կողմից իրականացվող խտրականությունն ու ատելությունը խրախուսող կոչերը,

– ապահովել դատարանի կողմից ատելության հիմքով գործերով արդար, բազմակողմանի և օբյեկտիվ քննությունը,

– ապահովել սույն գործով թիրախավորված տասնվեց հայցվորների անվտանգությունը և անձեռնմխելիությունը, խտրականությունից և բռնությունից զերծ մնալու նրանց իրավունքը:

Հայտարարության տակ ստորագրել են՝ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ, «Հասարակություն առանց բռնության» ՀԿ, «Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ» ՀԿ, «Ժողովրդավարությունն այսօր» ՀԿ, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ, «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ, «Հետերոսեքսուալների ալյանս` ի պաշտպանություն Հայաստանի ԼԳԲՏ համայնքի», «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ, «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան», «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ, «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ, «Երաշխիք քաղաքացիական հասարակության կենտրոն» ՀԿ, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ, «Շահխաթուն» ՀԿ, «Էկոլուր» ՀԿ, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ, «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ, «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ, «Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» ՀԿ, «Արևամանուկ» ընտանիքի և երեխայի խնամքի հիմնադրամ, «Սոցիոսկոպ» հասարակագիտական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն, «Հավասար հնարավորությունների ապահովում» ՀԿ, «Մեր իրավունքների սահմանները» իրավապաշտպան ՀԿ, «Երևանի մամուլի ակումբ», «Բամբիռ» մշակութային ՀԿ։

Լուսանկարում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մովսես Խորենացու անվան մեդալ է շնորհում Հայկ Բաբուխանյանին