Home / Հայաստան / Գեներալ Մանվելը վստահ է՝ իրեն պետք է շնորհակալություն հայտնեն ադրբեջանցի գերուն տանը պահելու համար

Գեներալ Մանվելը վստահ է՝ իրեն պետք է շնորհակալություն հայտնեն ադրբեջանցի գերուն տանը պահելու համար

«Երկրապահ կամավորականների միության» նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը վստահ է՝ ղարաբաղյան պատերազմի ժամանակ ադրբեջանցի գերուն իր տանը պահելը չի կարող հարցեր առաջացնել։ Այս մասին նա ասել է Panorama.am-ի հետ զրույցում։

Մանվել Գրիգորյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ հարյուրավոր գերիներ է ունեցել և որ նրանցից մեկին, ում անունը ինքը կնքել էր Սիմոն, պահել է իր տանը: Գեներալի այս հայտարարությունը վերջին օրերին բուռն քննարկման առիթ է դարձել։ Որոշ իրավապաշտպանների կարծիքով` ադրբեջանցի գերուն իր տանը պահելով՝ գեներալը խախտել է Ժնևի կոնվենցիաները:

«Էդ որոշ իրավապաշտպանները ովքե՞ր են, իրանք պատերազմ տեսե՞լ են, գիտե՞ն՝ գերին ի՞նչ ա, թե՞ մենակ կինոներում են տեսել։ Էդ մարդիկ գիտե՞ն, թե մեր գերիների հետ ինչեր են արել ադրբեջանցիները… Եթե չգիտեն, թող գան հետաքրքրվեն, մի քանի բան պատմեմ, դրանից հետո ինձ կարող ա շնորհակալություն ասեն, որ Սիմոնին մեր տունն եմ պահել ու ողջ-առողջ ուղարկել եմ Ադրբեջան, ֊ մեկնաբանելով իրավապաշտպանների արձագանքը՝ ասել է Մանվել Գրիգորյանը, ֊ Հիմա ասում են` կոնվենցիա եմ խախտել. ճիշտն ասած, որ Ադրբեջանը պատերազմ սկսեց Ղարաբաղի ու Հայաստանի դեմ, ու ես ու իմ նման հազարավոր տղերք կամավոր գնացինք մեր հողը պաշտպանելու, էդ արանքում չհասցրեցինք Ժնևի կոնվենցիաները կարդանք, նոր գնանք: Երևի իրանք ժամանակ ունեցել են կարդան: Ես հայ քրիստոնյա եմ ու պատերազմի դաշտում թե խաղաղության մեջ, իմ Ժնևի կոնվենցիան իմ հավատքն ա եղել ու իմ խիղճը: Ես միշտ դրանցով եմ առաջնորդվում»։

Ժնևի կոնվենցիաների համաձայն, պատերազմող կողմերը պարտավորված են ռազմագերիներին պահել իրենց հսկողության տակ։ Մասնավոր անձինք իրավունք չունեն տներում կամ այլ վայրերում նրանց պահել։ Հայաստանն այդ կոնվենցիաները վավերացրել է 1992 թվականին, երբ ղարաբաղյան պատերազմը դեռ ավարտված չէր։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն «Ազատության» հետ զրույցում ասել է, թե անկախ այդ կոնվենցիաների վավերացումից, ոչ ոք, այդ թվում և պատերազմի մասնակիցը, իր տանը գերի պահելու իրավունք չունի։ Իրավապաշտպանի խոսքով՝ դա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հայտարարությանը՝ Lragir.am կայքի մեկնաբան Հակոբ Բադալյանը «Գեներալ Մանվելի ստրուկը» հոդվածում գրել է, որ եթե ադրբեջանցին գեներալին գերի էր ընկել պատերազմի տարիներին, ապա Հայաստանի հասարակությունը գեներալին և համակարգին, որին պատկանում էր նա, գերի ընկավ 1995-96 թվականներին:

«Ադրբեջանցին ազատվել է գերությունից, գնացել է իր տուն, իսկ Հայաստանի հասարակությունը շարունակում է լինել համակարգի գերին ու ստրուկը և արդեն երկրորդ տասնամյակն է փորձում է պայքարել ազատության համար», ֊ գրել է Հակոբ Բադալյանը։