Home / Հայաստան / Կառավարությունը հոգ է տանում Սերժ Սարգսյանի մերձավորի կազինոյի մասին․ «ՀԺ»

Կառավարությունը հոգ է տանում Սերժ Սարգսյանի մերձավորի կազինոյի մասին․ «ՀԺ»

ՀՀ կառավարությունը հոգ է տանում, պահում ու փայփայում է խոշոր բիզնեսը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ գրելով ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ Լևոն Սարգսյանին (Ալրաղացի Լյովիկ) պատկանող կազինոյի մասին։

Այս տարվա հունվարի 1-ից խաղատները դուրս են բերվել Երևանի և Հայաստանի այլ քաղաքների վարչական տարածքներից: Բացառություն են կազմել միայն Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ և Մեղրի քաղաքները, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Այս քաղաքներում խաղատուն բացելու լիցենզիա ստանալու համար պետք է վճարել պետական տուրք 30-ից մինչև 150 միլիոն դրամ տարեկան: Այլ վայրերում խաղատուն բացելու համար պետական տուրքը կազմում է տարեկան 4.5 միլիարդ դրամ:

Թերթը նշում է, որ այս տարվա ապրիլի վերջին Սևանի ափին գտնվող «Ախթամար» համալիրում մեծ շուքով բացվել է «Գոլդեն Փալաս» խաղատունը: Այն գործում է արդեն մի քանի ամիս, բայց, ըստ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրված տեղեկանքի, «Ախթամարը» խաղատան լիցենզիան ստացել է միայն այս տարվա սեպտեմբերի 10-ին: Այսինքն ամիսներ շարունակ այնտեղ գործել է ապօրինի խաղատուն: Ընդ որում, գործել է ոչ թաքուն՝ Սևանի մայրուղու վրա դեռ ամռանը տեղադրված էին խաղատան գովազդ-պաստառները:

Թերթն ընդգծում է, որ կազինոյի հետ կապված պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես է ՀՀ կառավարությունը հոգ տանում խոշոր բիզնեսի մասին։ «Ախթամար» համալիրը դեռ այս տարվա սկզբին գտնվում էր Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում:

«Մայիսի 19-ին փոփոխություն կատարվեց «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում և Սևան քաղաքից տասնյակ կիլոմետրեր հեռու գտնվող այս «օբյեկտը» բարակ «վզիկով» սահուն միակցվեց Սևան քաղաքին: Ինչո՞ւ: Որովհետև եթե «Ախթամարը» գտնվում է Ծովագյուղի վարչական տարածքում, ապա այդտեղ խաղատուն բացելու համար տարեկան տուրքը 4.5 միլիարդ դրամ է: Իսկ եթե Սևանի վարչական տարածքում է՝ տուրքը ընդամենը 120 միլիոն դրամ է», – նշում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում