Home / Հայաստան / Ինտեգրման նախարարությունը ստեղծվում է ԵՏՄ-ից եկող ճնշումների պատճառով, վստահ է պատգամավորը

Ինտեգրման նախարարությունը ստեղծվում է ԵՏՄ-ից եկող ճնշումների պատճառով, վստահ է պատգամավորը

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսօր ԱԺ֊ում հարց է բարձրացրել՝ արդյոք Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն ստեղծելը պարտադրանք է Եվրասիական տնտեսական միության կողմից:

Նախարարության ստեղծման հարցի քննարկման ժամանակ Արզումանյանը նկատել է, որ Կառավարությունը իրարամերժ քայլեր է անում՝ մի կողմից գնալով նախարարությունների խոշորացման (Արտակարգ իրավիճակների նախարարությունը և Տարածքային կառավարման նախարարությունը միավորվում են – խմբ.), մյուս կողմից՝ փոքր նախարարություն ստեղծելով: Այսօր ավելի վաղ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ԱԺ ամբիոնից ասել էր, որ նախարարությունը գործելու է «նախարար առանց պորտֆելի» սկզբունքով և նոր բյուջետային ծախսեր չի պահանջելու:

«Եթե մեծ չի լինելու, ինտեգրման հարցերի պատասխանատու նշանակենք Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալին: Էդ փոքր աշխատակազմը կլինի իր վարչությունը: Ուզում եք երկու տեղակալ տարեք, մեկը՝ եվրոպական ինտեգրման, մյուսը՝ եվրասիական ինտեգրման համար: Դա էլ տարբերակ է»,- ասել է Արզումանյանը:

Իշխող ՀՀԿ կուսակցության պատգամավոր, նախարարության ստեղծման նախագծի հարակից զեկուցող Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ որևէ ճնշման մասին տեղեկատվության ինքը չի տիրապետում:

«Նման ճնշման մասին տպավորություն չեմ ստացել: Այստեղ պարզապես խոսքը գնում է քաղաքական անհրաժեշտության մասին: Սա հսկայական աշխատանք է, հսկայական պայմանագրերի քանակ, նաև որպես իրավաբան կարող եմ ասել», – հարցին պատասխանելով՝ ասել է Արփինե Հովհաննիսյանը:

Արզումանյանի խոսքով՝ այդ հիմնավորումը համոզիչ չէ, քանի որ նման փաստաթղթեր եղել են ԱՊՀ֊ին կամ ՀԱՊԿ֊ին միանալու ժամանակ, բայց նախարարություն երբեք չի ստեղծվել:

«Ես ընդամենը ուզում եմ իմ կարեկցանքը հայտնել մեծամասնությանը, քանի որ սեպտեմբերի 3-ից հետո ստիպված ենք ասել և հիմնավորել բաներ, որոնց ինքներս չենք հավատում: Ցավալի է, որ ասում եք՝ տեղեկատվություն չունեք: Ցավալի է, որ միայն մեծամասնությունը չունի տեղեկատվություն, որը հայտնի է ողջ աշխարհին։ Հայաստանի վրա ճնշումների մասին տեղյակ են մեր բոլոր գործընկերները»,- ասել է Արզումանյանը: