Home / Տեսանյութեր / Դատավորների եռյակը պատվեր է կատարում․ փորձագետը՝ զոհված զինվորի գործի մասին

Դատավորների եռյակը պատվեր է կատարում․ փորձագետը՝ զոհված զինվորի գործի մասին

Սյունիքի մարզի Ծիրանաձոր գյուղի մարտական հենակետում 2012 թվականի նոյեմբերի 5-ին զոհված շարքային զինծառայող, 19-ամյա Սարգիս Սահակյանի գործով դատավարությունը և նախաքննությունը խայտառակ և հանցավոր ընթացք են ունեցել։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը, ով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն է։ Գործն այժմ Վերաքննիչ դատարանում է. տուժող կողմը պնդում է, որ Սարգիս Սահակյանը ինքնասպանություն չի գործել, մինչդեռ համաձայն առաջին ատյանի դատարանի վճռի` երիտասարդի ծառայակիցներ Արթուր Միսակյանը (ստացել է 4 տարի) և Արտաշես Խաչատրյանը (ստացել է 4,5 տարի) նրան ինքնասպանության են հասցրել։

Ռուբեն Մարտիրոսյանը պնդում է, որ դատապարտված երիտասարդները սպանության կամ ինքնասպանության հասցնելու հետ կապ չունեն։ Ռազմական փորձագետը հիշեցրել է, որ դեռևս դատական նիստերի ժամանակ Միսակյանը նշել էր, որ իրեն ստիպել են ցուցմունք գրել Ռազմական ոստիկանությունում։ Նման հայտարարությամբ հանդես են եկել նաև գործով անցնող վկաները, ովքեր Սարգիս Սահակյանի ծառայակիցներն են եղել։

Այդ հայտարարությունների հիման վրա էլ Մարտիրոսյանը դիմել է ՀՔԾ՝ պահանջելով քննել «հանցակազմի տարրեր պարունակող փաստերը», սակայն հանցագործության մասին հաղորդումն առանց քննության է մնացել։

Փորձագետը չի վստահում նաև Վերաքննիչ դատարանի դատավորներին։ Նոյեմբերի 7-ին կայացած դատական նիստի ընթացքում նա բացարկ է հայտնել դատավորական կազմին՝ Կարինե Ղազարյանին, Հենրիկ Տեր-Ադամյանին, Գրիշա Մելիք-Սարգսյանին։ Մարտիրոսյանը պատճառաբանել է, թե դատավորների նույն եռյակը նախկինում զինծառայողների գործերով ապօրինի վճիռներ է կայացրել, մասնավորապես, Թորգոմ Սարուխանյանի, Արտակ Նազարյանի և Ալբերտ Ադիբեկյանի գործերով։

«Բացարկս հիմնավորեցի նաև այն փաստով, որ Սահակյանի գործը վարույթ ընդունելիս եռյակը որոշում էր կայացրել այն քննել վճռաբեկության կարգով, ինչը մեկ անգամ ևս մտածելու հիմք է տալիս, որ դատավորները կրկին պատվեր են կատարում և ամեն կերպ ձգտելու են շրջանցել նախաքննական մարմնի կատարած հանցագործություններն ու առաջին ատյանի դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի ապօրինի վճիռը», ֊ ասել է Մարտիրոսյանը:

Դատարանը բացարկը քննարկելու համար գնացել է խորհրդակցական սենյակ, իսկ այդ ընթացքում վկաներից մեկը՝ լեյտենանտ Գոռ Մարգարյանը հայտարարել է, որ ինքը ցանկանում է ցուցմունք տալ դատարանին և ներկայացնել նոր կարևոր փաստեր։

Ռազմական փորձագետը նշել է, որ այդ փաստը ակնհայտորեն վախեցրել է եռյակին, և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո նախագահողը հայտարարել է, որ մերժում է Մարտիրոսյանի բացարկի միջնորդությունը, քանի որ վերջինս ընդամենը ստահոդ լուրեր է տարածում: Մերժումից հետո նախագահողը հայտարարել է, որ տեղի է ունեցել թյուրիմացություն՝ դատավորները իրավունք չունեին նիստը բացել, քանի որ օրենքը խախտվել էր՝ գործից անջատված մասով նախկին ամբաստանյալներից մեկը չէր ներկայացել դատարան։

Այդ հիմքով դատարանն ընդհատեց դատավարությունը՝ հայտարարելով, որ հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 28-ին՝ ժամը 12.30-ին։ Մարտիրոսյանի խոսքով՝ այդ օրն այդպես էլ պարզ չի դարձել՝ արդյո՞ք դատարանն իր նիստը համարել է ապօրինի, թե՝ ոչ: Մարտիրոսյանն ընդգծել է, որ տուժող կողմը համագործակցում է Միսակյանի և Խաչատրյանի պաշտպան, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Անի Թորոսյանի հետ, և իրենք համատեղ դատարանից արդարացման վճիռ են պահանջելու։