Home / Հայաստան / ՀԱԿ-ը և ՀՀԿ-ն դեմ են Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը, ՀՅԴ-ն՝ կողմ

ՀԱԿ-ը և ՀՀԿ-ն դեմ են Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը, ՀՅԴ-ն՝ կողմ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելով՝ Հայաստանը կարող է ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը, և դա պետք է անի մինչև ԵՏՄ֊ի հետ պայմանագրի ստորագրումը: Այսօր ներկայացնելով «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» նախագիծը՝ ԱԺ-ում ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա հիշեցրել է, որ ԵՏՄ պայմանագրով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ է դրվելու:

«Եթե օրինագիծը ընդունվի, այն կհաստատվի արդեն ԱԺ նախագահի ստորագրությամբ, և նախագահի ինստիտուտի հավանությունը անհրաժեշտ չի լինի», – ասել է Փոստանջյանը:

Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը վերաբերող նախագծի ընդունմանը դեմ են արտահայտվել ՀԱԿ և ՀՀԿ խմբակցությունները, ինչպես նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, իսկ կողմ՝ ՀՅԴ խմբակցությունը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասել է, որ իրենք դեմ են Արցախի ճանաչմանը, քանի որ Հայաստանը այդ քայլով կդառնա խաղաղ բանակցային գործընթացի տապալման միակ պատճառը: Ըստ Զուրաբյանի՝ դա նաև կհակասի ԼՂՀ քաղաքացիների ինքնորոշման սկզբունքին:

«Երրորդ՝ դա միջազգային մեկուսացման մեջ կդնի Հայաստանը և կմեծացնի ռազմական գործողությունների վերսկսման վտանգը: Չորրորդ՝ ԼՂՀ ճանաչմանը կարելի է հասնել ոչ թե Հայաստանի կողմից միակողմանի հայտարարությամբ, այլ Հայաստանը և Ղարաբաղը բնակեցնելով»,- ասել է Զուրաբյանը:

Էդմոն Մարուքյանն ասել է, որ ամեն անգամ այդ հարցը ԱԺ օրակարգ բերելով՝ այն անհարկի շահարկվում է: Անկախ պատգամավորի կարծիքով՝ շահարկվում է նաև խաղաղապահ զորքեր բերելու հարցը, մինչդեռ, ինչպես հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ամենախաղաղապահ զորքը ԼՂՀ բանակն է, հիշեցրել է Մարուքյանը:

Պատասխանելով վերջինիս՝ Փոստանջյանն ասել է, որ օտար խաղաղապահ զորքերի ԼՂՀ մտնելը ժամանակի հարց է՝ ըստ 2008 թվականին ընդունված Մայնդորֆյան հռչակագրի:

Անկախությունը ճանաչելուն կողմ լինելը ՀՅԴ խմբակցության անունից հիմնավորել է խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը:

«Դեմ, ձեռնպահ լինելն էս հարցում հնարավոր չի: Դաշնակցությանն այլ բան չի մնում, քան կողմ արտահայտվել, քանի որ դեմ կամ ձեռնպահը կարող է այլ կերպ մեկնաբանվել և մեկնաբանվել է, մենք դա տեսել ենք 2007 թվականից ի վեր», – ասել է Ռուստամյանը:

«Ժառանգության» առաջարկած օրենքի նախագիծը նախատեսում է.

1.Ճանաչել ԼՂ /Արցախի/ անկախ հանրապետությունը:

2.Բացառել ԼՂ /Արցախի/ և Հայաստանի Հանրապետությունների պետական սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից սահմանապահ, մաքսային և այլն կետերի տեղադրումը:

3.Բացառել ԼՂ-ի/Արցախ/, Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից զինված ուժերի տեղակայումը:

4.Բացառել ՀՀ անդամակցությունը կամ միավորումը որևէ կառույցի, որը կվտանգի ԼՂ /Արցախի/ և Հայաստանի Հանարապետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: