Home / Տեսանյութեր / Ինչու է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի պարտադիր ուսուցումն անօրինական (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ինչու է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի պարտադիր ուսուցումն անօրինական (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի պարտադիր դասավանդումը Հայաստանի հանրակրթական դպրոցներում չի համապատասխանում ՀՀ օրենսդրությանը և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Ստեփան Դանիելյանը։

Նա ընդգծել է, որ եթե դպրոցներում եկեղեցու պատմությունը դասավանդվեր, ապա դա կհամապատասխաներ Հայաստանի օրենսդրությանը՝ անկախ նրանից` «դա մեր դուրը գալիս է, թե ոչ»։

«Հիմնական խնդիրը այն չէ, որ դա հայ եկեղեցու պատմությունն է, այլ այն է, որ այնտեղ պատմություն չկա, խեղաթյուրված է, հատվածական է և մեծ մասը իրականությանը չի համապատասխանում։ Ես բոլորին խորհուրդ կտամ բացել «Հայոց եկեղեցու պատմության» 10-րդ դասարանի դասագիրքը։ Որևէ պատմական միտք չկա, և, ներողություն եմ խնդրում բոլորից, դա ցնդաբանություն է։ Ինչ որ բառակույտեր են, որտեղ ներշնչվում է, որ ով Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ չի, հայ չի, հայրենասիրությունը եկեղեցու միջոցով է արտահայտվում, ինչ֊որ բարոյախոսական, անհասկանալի, կիսագրագետ նյութ է», ֊ ասել է Դանիելյանը։

Փորձագետը նշել է, որ իր կազմակերպությունը դիտարկում է անցկացրել՝ փորձելով հասկանալ, թե որքանով է առարկայի դասավանդումը համապատասխանում հայաստանյան դպրոցների աշխարհիկ բնույթին, և բազմաթիվ խախտումներ են բացահայտել։ Դանիելյանի խոսքով՝ դրանց մասին իրենց պատմել են ուսուցիչները, կրթության համար պատասխանատու քաղաքապետարանների ու մարզպետարանների աշխատակիցները՝ անգամ չհասկանալով, որ դրանք խախտումներ են։ Դիտարկումների ընթացքում պարզվել է, որ կան ուսուցիչներ, ովքեր աղոթքով են սկսում դասը, դպրոցներում եղել են հավատաքննության դեպքեր։ Այդ խախտումների ցանկը կազմակերպությունն ուղարկել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն։

Դանիելյանը նաև ընդգծել է, որ առարկայի դասավանդման բնույթը հակասում է նաև Տոլեդոյի սկզբունքներին, մինչդեռ Հայաստանի «Մարդու իրավունքների ազգային ռազմավարության» մեջ նշվում է, որ կրթական համակարգը պետք է համապատասխանի այդ միջազգային փաստաթղթին։

Անդրադառնալով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կեցվածքին, ով հայտարարում է, որ այդ առարկան միևնույն է դասավանդվելու է դպրոցներում, իսկ խնդրի մասին բարձրաձայնողները միայն գրանտային կազմակերպություններն են, Դանիելյանը նշել է՝ դա կապված է այն փաստի հետ, որ պաշտոնյաները անձնական հարաբերություններ ունեն եկեղեցու ներկայացուցիչների հետ։ Նա ընդգծել է, որ ՀՀ կրթության նախարարությունը խախտում է օրենքը՝ ուսուցիչների ընտրությունը, վերապատրաստումը հանձնելով Հայ Առաքելական եկեղեցու հովանու ներքո գործող Քրիստոնեական դաստիարակության կենտրոններին, քանի որ նախարարությունն իր լիազորությունները չի կարող հանձնել այլ մարմնի։