Home / Տեսանյութեր / Ոստիկանները բռնի ուժ կիրառելով «պաշտպանեցին» ՍԴ֊ն (ՎԻԴԵՈ)

Ոստիկանները բռնի ուժ կիրառելով «պաշտպանեցին» ՍԴ֊ն (ՎԻԴԵՈ)

Մինչ Սահմանադրական դատարանը քննում էր Հայաստանի՝ ԵՏՄ֊ին միանալու պայմանագրի սահմանադրականության հարցը, դատարանի շենքի առջև երկու բողոքի ակցիա էր անցկացվում:

Մի քանի տասնյակ մարդ բողոքում էր ԵՏՄ անդամության դեմ, իսկ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների 6 ծնողներ ՍԴ֊ից պատասխան էին պահանջում՝ ի՞նչ իրավունքով են զոհվածների գործերը քննվում չճանաչված ԼՂՀ֊ի մայրաքաղաք Ստեփանակերտում և ի՞նչ իրավունքով են Հայաստանի քաղաքացիների որդիները ծառայում այլ պետությունում՝ Լեռնային Ղարաբաղում։

Սկզբում ոստիկանները ուժ են կիրառել ԵՏՄ֊ի դեմ բողոքողների նկատմամբ՝ նրանց քաշքշելով և հրելով դեպի Բաղրամյան պողոտայի սկզբնամաս, իսկ հետո բռնի ուժով ՍԴ֊ի դիմացից հեռացրել են նաև զոհված զինվորների ծնողներին։ Այդ ընթացքում վատացել է 2013 թվականին ԼՂՀ֊ում զոհված Արմեն Մուրադյանի հոր Հովսեփ Մուրադյանի առողջական վիճակը, և դեպքի վայր ժամանած շտապ օգնության մեքենան նրան օգնություն է ցույց տվել։

Ծնողներին միացել են նաև ԵՏՄ-ի դեմ ակցիա ացկացնող ակտիվիստներից մի քանիսը, ովքեր նույնպես արժանացել են ոստիկանների հարվածներին: Լրագրողների և ակտիվիստների հարցադրմանը, թե ինչ իրավունքով են ոստիկանները մարդկանց հեռացնում ՍԴ֊ի մոտից և թույլ չեն տալիս կանգնել շենքի մուտքից անգամ 10 մետր հեռավորության վրա, ոստիկանները չէին արձագանքում՝ հորդորելով ենթարկվել «ոստիկանության օրինական պահանջներին»։ Թե որոնք են այդ «օրինական պահանջները» ոստիկանները չէին պարզաբանում։

Ակցիայի ընթացքում ոստիկաններից մեկը «Պարոն, Սաֆարյան»֊ով դիմել է ՍԴ֊ի մոտ գտնվող Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանին, ով պատասխանել է․ «Պարոն չի, արդեն տովարիշչ է»։

1akcia 2akcia 3akcia 4akcia 5akcia 6akcia 7akcia 8akcia