Home / Հայաստան / Վրաստանում հիշել են Երևան և Բաքու մեկնող ավտոբուսները վերացնելու փորձերի մասին

Վրաստանում հիշել են Երևան և Բաքու մեկնող ավտոբուսները վերացնելու փորձերի մասին

Վրաստանում քննարկում են ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՄԻ-24 ուղղաթիռի խոցման դեպքը։ Հայկական կողմն արդեն հայտարարել է, որ «հետևանքները ադրբեջանական կողմի համար շատ ցավոտ կլինեն», իսկ Թբիլիսիում խոսում են այն մասին, որ հարևան երկրները բավական մոտ են լայնածավալ հակամարտություն սկսելուն։ «Էխո Կավկազա» կայքը թեմայի շուրջ զրուցել է վրաստանցի փորձագետների հետ։

Վրացական «Արսենալի» ռազմա֊վերլուծական ամսագրի թղթակից Թեմուր Չաչանիձեն կասկածում է, որ Բաքուն ու Երևանը, այնուամենայնիվ, կհատեն այսպես կոչված կարմիր գիծը։ Փորձագետը, սակայն, վստահ է, որ վտանգն էականորեն աճել է։ Հակամարտության ցանկացած փուլ, Չաչանիձեի խոսքով, բացասաբար է ազդում նաև Վրաստանի վրա, քանի որ դա, առաջին հերթին, անկայունություն է սահմանների մոտ։ Բացի դա, երկիրը խիտ բնակեցված է էթնիկ հայերով ու ադրբեջանցիներով, որոնք, լինելով Վրաստանի քաղաքացիներ, այս կամ այլ կերպ ներքաշվում են հակամարտության մեջ, ինչը դժգոհություն է առաջացնում թե Երևանում, թե Բաքվում։

«[Էթնիկ հայերն ու ադրբեջանցիները] բարեկամներ, կապեր ունեն [Հայաստանում և Ադրբեջանում]։ Հետևաբար, դա ազդում է խնդրի վերաբերյալ նրանց դիրքորոշման վրա։ Վաղ թե ուշ, դա կարող է բարդություն առաջացնել բոլոր կողմերի համար։ Եթե հիշում եք, [հայ֊ադրբեջանական] պատերազմի ժամանակ Թբիլիսիում հայերի ու ադրբեջանցիների կողմից փորձեր էին արվում ականապատել Բաքու և Երևան մեկնող ավտոբուսները։ Պայթեցնում էին գազատարեր, դիվերսիաներ էին կազմակերպում երկաթգծի վրա, իսկ բողոքները հնչում էին պաշտոնական Թբիլիսիի հասցեին։ Բնականաբար, այժմ, երբ չկա լայնածավալ ռազմական գործողություն, այդ ամենը քիչ հավանական է, բայց վտանգ կա»,֊ ասել է Չաչանիձեն։ Բացի դա, ռիսկի գոտում է հայտնվում Հարավային Կովկասի երեք երկրները կապող էներգետիկ ենթակառուցվածքը։

Նման մխացող հակամարտության պարագայում պաշտոնական Թբիլիսին պետք է զգուշանա տնտեսական վտանգներից, կարծում է Տարածաշրջանային անվտանգության կովկասյան ինստիտուտի (Թբիլիսի) տնօրեն Ալեքսանդր Ռուսեցկին․ «Վրաստանի տարածքով անցնում են հաղորդակցման այնպիսի կարևոր միջոցներ, ինչպես Բաքու ֊ Թբիլիսի ֊ Ջեյհան նավթամուղն ու Բաքու ֊ Թբիլիսի ֊ Ախալքալաք ֊ Կարս երկաթգիծը, որը գրեթե պատրաստ է ու շուտով կհանձնվի շահագործման։ Չեմ բացառում, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտություն հրահրելը նպատակ ունի արգելափակել այդ նախագծերը։ Հետևաբար, հավանականությունը, որ հակամարտությունը բացասաբար կազդի տնտեսական իրավիճակի վրա, շատ մեծ է»։

Ռուսեցկին չի բացառում նաև Ռուսաստանի գործոնը։ Եթե Բաքվի ու Երևանի միջև հակամարտությունը զարգանա, ապա, համապատասխանաբար, կաճի նաև Մոսկվայի միջամտության հավանականությունը։ Ու այդ դեպքում, Վրաստանն անկասկած կներքաշվի հակամարտության մեջ։

«Հետևաբար, Ռուսաստանի Դաշնության օրակարգում առկա է Գյումրիի ռուսական ռազմաբազային հեշտ մոտենալու հարցը, որը տեղակայված է անմիջապես [Վրաստանի] սահմանի մոտ։ Տարբերակներից մեկը, որից Ռուսաստանն, ի դեպ, չի հրաժարվում, Ախալքալաքի ուղղությունն է, այսինքն՝ Վրաստանի տարածքով։ Ուկրաինայի իրադարձությունները վկայում են, որ դա հավանական է։ Ռուսաստանը միայն Դոնեցկով ու Լուգանսկով չի սահմանափակվում և ուղղություն է մշակում դեպի Մարիուպոլ։ Ուստի, կա վտանգ, որ Մոսկվան կօգտագործի իր ուժերը հարավ-արևելյան ուղղությամբ [Վրաստանում] ռազմական գործողություններ սկսելու նպատակով»,֊ ասել է Ռուսեցկին։