Home / Հայաստան / Հայաստանի հավաքականի «ավտոբուսի» հեռանկարները մշուշոտ են

Հայաստանի հավաքականի «ավտոբուսի» հեռանկարները մշուշոտ են

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը տարին ավարտեց Պորտուգալիայի ընտրանուց կրած նվազագույն հաշվով պարտությամբ։ Միակ գնդակը պորտուգալացիները խփեցին երկրորդ խաղակեսում՝ Ռոման Բերեզովսկին հետ մղեց գնդակը, Տարոն Ոսկանյանը հապաղեց՝ չկարողանալով այն դուրս բերել դաշտի սահմաններից, Նանին ավելի արագ կողմնորոշվեց՝ հաղթելով գնդակի համար պայքարում, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն մոտ տարածությունից գրավեց դարպասը։

Պարտվելը, հատկապես ընտրական խաղերում, միշտ էլ ցավալի է, սակայն ավելի ցավալի էր այն, որ երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականի ցուցադրած ֆուտբոլը լավատեսության տեղիք չի տալիս։ Նոյեմբերի 14-ի Պորտուգալիան այն թիմն էր, որին հնարավոր էր հաղթել կամ առնվազն ոչ֊ոքի խաղալ։ Առաջին խաղակեսը դա ապացուցեց․ պարզվեց Ռոնալդուն այդքան էլ վախենալու չէ, որքան երկրպագուները պատկերացնում են (կամ վախենալու չէ գոնե ներկայիս Պորտուգալիայի հավաքականի համակարգի մեջ), իսկ Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը մաստեր֊կլաս է ցույց տալիս, և նրան պորտուգալացիները կարողանում են պահել միայն կոպիտ խաղի գնով։ Խաղի ընթացքում Մխիթարյանը 34 փոխանցում է կատարեց, որոնցից 30֊ը՝ ճշգրիտ։ Նման փոխանցումների քանակն ու ճշգրտությունը հարձակվողական ոճի ֆուտբոլիստի համար աննախադեպ կարելի է համարել, եթե հաշվի առնել, որ Հայաստանի հավաքականը գնդակին տիրել է ընդամենը 36 տոկոսի չափով։ Բացի դրանից, Մխիթարյանի նկատմամբ 6 անգամ խախտել են կանոնները, և 3 դեպքում այդ խախտումներն ավարտվել են դեղին քարտերով։ Սակայն անգամ այդ վիճակագրությունը չի արտացոլում այն, ինչ Մխիթարյանն անում էր դաշտում՝ փորձելով և՛ գրոհներ կազմակերպել, և՛ փակել հենակետային գոտու սարսափելի բացերը, և՛ գնդակը հասցնել դաշտի այն հատված, որտեղից ինքը պետք է կազմակերպեր գրոհները։ Եթե առաջին խաղակեսում Հենրիխի մոտ այդ ամենը քիչ թե շատ ստացվում էր, ապա երկրորդում, երբ Հայաստանի ընտրանին չափազանց խորը «նստեց» ու սկսեց ամբողջ թիմով պաշտպանվել, Մխիթարյանն ուղղակի ֆիզիկապես չէր կարող հասցնել։ Հարկ է նշել, որ երկրորդ խաղակեսում հենակետային կիսապաշտպանները՝ Կառլեն Մկրտչյանը և Արթուր Եդիգարյանը, այլևս չէին կարողանում դիմակայել մրցակցի ճնշմանը, սակայն այդ գոտում Բերնար Շալանդը թարմ ֆուտբոլիստ այդպես էլ չմտցրեց։

Պորտուգալացիները ակտիվ օգտագործում էին թե՛ եզրերը, թե՛ կենտրոնը, ու Տարոն Ոսկանյանի կամ մեկ այլ պաշտպանի սխալը ժամանակի հարց էր թվում, քանի որ պաշտպանները խաղում էին մեծ ծանրաբեռնվածությամբ։ Այնպես չէր, որ Պորտուգալիան արտառոց ստեղծագործ ֆուտբոլ էր խաղում, բայց անընդհատ ճնշումը ու երկրորդ կեսում խաղադաշտ մտած թարմ ֆուտբոլիստները՝ Էդերն ու Կուարեժման, իրենց գործն արեցին։ Կարող ենք ասել, որ Ոսկանյանը սխալվեց մի դիրքում, որտեղ նման խաղում հանդես եկող պաշտպանն իրավունք չուներ սխալվեր, և դա ճիշտ կլինի, բայց բաց թողած գնդակը նաև ամբողջ խաղային համակարգի խնդիր էր։ Էդգար Մանուչարյանը, ով Հայաստանի հավաքականում առաջինը փոխարինման դուրս եկավ, խաղի մեջ այդպես էլ չմտավ, մինչդեռ նրա փոխարեն ավելի սպասելի կլիներ Մարկոսի կամ Սարկիսովի դաշտում հայտնվելը, ովքեր հավաքականում իրենց ավելի լավ են դրսևորում։

Նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի օրոք Հայաստանի հավաքականի երկրպագուները գիտեին՝ պաշտպանությունում խնդիրներ մշտապես կան ու այդ հարցերն անլուծելի են թվում, բայց գիտեին նաև, որ առջևում գնդակ խփելու հնարավորություններ միշտ լինելու են, իսկ սրընթաց հակագրոհները երբեմն թիմի հաղթաթուղթն էին դառնում։ Պորտուգալիայի հետ հանդիպման ժամանակ նման հակագրոհային խաղ չկար, իսկ երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականի պաշտպանությունում կազմակերպած «ավտոբուսի» միակ հույսը 0։0֊ն էր, որը չարդարացավ։

Հայաստանի հավաքականը, փաստորեն, փոխել է մոդելը՝ անցնելով պաշտպանական 5-2-2-1֊ի, բայց կորցնելով հակագրոհային ներուժը, ինչը նախկինում մեզ հաջողություն էր բերում։

Ընտրական խմբում մեր մրցակիցները հաջորդ տարի էլ ավելի ուժեղ կլինեն․ կարելի է կանխագուշակել, որ Ֆերնանդո Սանտուշը Պորտուգալիան նոր մակարդակի կհասցնի, իսկ Դիկ Ադվոկաատի հրաժարականի պարագայում Սերբիայի ընտրանին կարող է վերգտնել իրեն։

Մինչդեռ Հայաստանի ընտրանու հեռանկարները շատ մշուշոտ են թվում։

Արմեն Մ․