Home / Հայաստան / Շիրակի մարզի ավտովթարի մեջ մեղադրվում է «Կամազի» վարորդը․ Asparez.am

Շիրակի մարզի ավտովթարի մեջ մեղադրվում է «Կամազի» վարորդը․ Asparez.am

Նոյեմբերի 10-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի գործով «Կամազի» վարորդ Մանվել Վարդանյանին նոյեմբերի 13-ին մեղադրանք է առաջադրվել ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հոդվածով և խափանման միջոց կիրառվել կալանքը, գրում է Asparez.am֊ը։ 

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի տեղեկացմամբ՝ մեղադրյալն օգտվել է պաշտպանության իր իրավունքից, վարույթ ներգրավվել է պաշտպան, միջնորդություններ են ներկայացվել դատարան, բայց դատարանի կողմից մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար որպես խափանման միջոց, այնուամենայնիվ, կիրառվել է կալանավորումը:

Րաֆֆի Ասլանյանը նաև հայտնել է, որ փորձագետների մասնակցությամբ դեպքի վայրի լրացուցիչ զննության ընթացքում պարզվել է, որ գազի բալոնների պայթելուն բնորոշ տեսանելի հետքեր չկան:

«Գազի բալոնները գտնվում են ամբողջական վիճակում, թեև վերջնական եզրահանգումները կտրվեն համապատասխան եզրակացության հետևություններում»,- ավելացրել է Ասլանյանը:

Դատախազի ներկայացմամբ՝ քրեական գործի ներկա փուլում հիմնավորված է, որ «Կամազի» վարորդը եղել է սթափ վիճակում: Նրա վարորդաական իրավունքի մասին տվյալները, վարորդական իրավունքի վկայականը, մեքենայի տեխնիկական անձնագիրն ամբողջությամբ առգրավված են և կցված քրեական գործին:

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի՝ Հոռոմ գյուղի խաչմերուկում, իրար էին բախվել Ռազմիկ Մկրտչյանի վարած՝ Երևան-Գյումրի երթուղին սպասարկող «Գազել» և Մանվել Վարդանյանի վարած «Կամազ» մակնիշի մեքենաները: «Գազելն» այրվել էր, ինչի հետևանքով 7 ուղևոր տեղում մահացել էր, իսկ 7-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ Asparez.am-ում