Home / Տեսանյութեր / Ինչպես են ԱԺ խմբակցությունները վերաբերվում ԵՏՄ֊ին անդամակցելու պայմանագրին

Ինչպես են ԱԺ խմբակցությունները վերաբերվում ԵՏՄ֊ին անդամակցելու պայմանագրին

Նոյեմբերի 14-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հավանության արժանացրեց Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի անդամակցելու պայմանագիրը, և այժմ դրա վավերացման հարցը պետք է քվեարկության դրվի Ազգային ժողովում։

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» հասարակական կազմակերպությունը գրավոր հարցում է արել ԱԺ խմբակցություններին՝ խնդրելով պարզաբանել ԵՏՄ֊ին անդամագրվելուն վերաբերմունքը։

Ինչպես նշված է ՀԿ֊ի տարածած հաղորդագրության մեջ, ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի խմբակցությունների դիրքորոշումները ԵՏՄ անդամակցության վերաբերյալ բավական դրական է եղել։

««Ժառանգություն» պատգամավորական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ի հեճուկս օրենքի պահանջի, չպատասխանեց մեր հարցմանը: Սակայն, այդ կուսակցության նախընտրական ծրագրում գրված է, որ Հայաստանը պետք է ստորագրի ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը, ինչը նշանակում է, որ Հայաստանը չի կարող անդամակցել ԵՏՄ-ին, քանի որ վերջինս արգելում է անդամ-պետություններին երրորդ կողմերի հետ ազատ առևտրի համաձայնագրերի կնքումը: Նույն բանը վերահաստատվեց նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանից ստացված գրությունում, ինչպես նաև այդ կուսակցության մի շարք հայտարարություններում», ֊ նշում է «Իրազեկ քաղաքացիների միավորումը»:

ՀԿ֊ն նշում է, որ Եվրոպայի հետ հարաբերությունների մերձեցումը ամրագրված է նաև «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրում, ինչը, ըստ նույն տրամաբանության, բացառում է ԵՏՄ անդամակցությունը:

Խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, սակայն, չի պատասխանել ՀԿ֊ի հարցումներին:

«Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնել է, որ խմբակցությունում այդ հարցը դեռ չեն քննարկել:

«Սակայն նույնանուն կուսակցության ղեկավար, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր ելույթներում դրական գնահատականներ է հնչեցնում ԵՏՄ-ի մասին և անգամ անում (դրա սահմանադրականության շուրջ) հայտարարություններ, որոնք արդարացնում են Հայաստանի անդամակցումը այդ կառույցին», ֊ գնահատական է հնչեցնում ՀԿ֊ն:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի պատասխանում նշվում է, որ ԵՏՄ֊ին անդամակցելու վերաբերյալ խմբակցությունում առկա են տարբեր տեսակետներ։

«Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության պայմանագրի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը իր վերջնական տեսակետը կհրապարակի պայմանագրի ստորագրումից հետո՝ հիմք ընդունելով հարցի վերաբերյալ խմբակցության անդամների քվեարակության արդյունքները», ֊ ասված է ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ուղարկած պատասխանի մեջ։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ֊ն ընդգծում է, որ «Ազգային Ժողովի Եվրոպական Ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Զոհրաբյանը, ըստ ամենայնի, տեղյակ չէ, որ պայմանագիրը դեռևս հոկտեմբերի 10-ին է ստորագրվել»: