Home / Հայաստան / Ադրբեջանում առաջարկում են օդաչուների դիերը փոխանակել Ղարաբաղում գտնվող Գուլիևի և Ասկերովի հետ

Ադրբեջանում առաջարկում են օդաչուների դիերը փոխանակել Ղարաբաղում գտնվող Գուլիևի և Ասկերովի հետ

Եթե Ադրբեջանը հարկ համարի, ապա թույլ կտա վերցնել խոցված ուղղաթիռի հայ օդաչուների դիակները։ Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրուդին Սադիգովը։ 

Նա ասել է, որ ուղղաթիռը խոցվել է Ադրբեջանի տարածքում․ «Դիերը մնացել են այնտեղ, ու կողմերից որևէ մեկին չի հաջողվել վերցնել դրանք։ Եթե Ադրբեջանը հարկ համարի, ապա թույլ կտա վերցնել»։

Սադիգովը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում երկար ժամանակ պահվում էր սպանված Հասան Հասանովի դին։ 

Ադրբեջանցի պատգամավոր Էլման Մամեդովը, իր հերթին, առաջարկել է ուղղաթիռի զոհված օդաչուների դիերը փոխանակել Լեռնային Ղարաբաղում գտնվող Շահբազ Գուլիևի և Դիլգամ Ասկերովի հետ, ովքեր մեղադրվում են 17-ամյա քելբաջարցի Սմբատ Ցականյանի և զինված ուժերի սպա Սարգիս Աբրահամյանի սպանությունների, ինչպես նաև Քելբաջարի մեկ այլ բնակիչ Կարինե Դավթյանին ծանր վիրավորելու մեջ: Մամեդովը վստահ է, որ Ադրբեջանն այժմ լավ հնարավորութուն ունի ազատելու իր քաղաքացիներին և պետք է օգտվի դրանից։ 

 Հիշեցնենք՝ նոյեմբերի 12֊ին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից խոցվել է ԼՂՀ Ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռ։ Խոցման հետևանքով զոհվել է երեք զինծառայող՝ ուղղաթիռի հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը և լեյտենանտ Ազատ Սահակյանը:

Ինտենսիվ կրակոցների պատճառով ղարաբաղյան կողմը չի կարողանում մոտենալ ուղղաթիռի անկման վայրին։ Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը մանրամասնել էր, որ ուղղաթիռն ընկել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի միջդիրքային հատվածում։

«150 մետր հեռու է հակառակորդի դիրքից և 350 մետր՝ մեր դիրքից, ինչը ընկնում է ուղիղ կրակային խոցման տակ։ Մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ իրավիճակը առաջնագծում ավելի մոտ է պատերազմին, քան խաղաղությանը, և ցանկացած շարժ այնտեղ խոցվում է հակառակորդի կողմից։ Այդ տարածքը մտնելը որոշակի վտանգավորություն է ներկայացնում, առանձնապես, որ հակառակորդը գիտի, որ մենք հենց կոնկրետ այդ քառակուսի մետրը մտնելու ենք, և այն իրենց անմիջական հսկողության տակ է։ Ելնելով դրանից՝ մենք որոշումները դեռևս քննարկում ենք, և դրանք հրապարակման ենթակա չեն», – ընդգծել էր Հակոբյանը։