Home / Տեսանյութեր / ՀՀ֊ում Ֆրանսիայի դեսպանատանը տեղյակ չեն օրենքներից, պնդում է ԵԽ֊ում աշխատող կինը

ՀՀ֊ում Ֆրանսիայի դեսպանատանը տեղյակ չեն օրենքներից, պնդում է ԵԽ֊ում աշխատող կինը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը խախտել է Եվրախորհրդում աշխատող Հայաստանի քաղաքացի Տաթև Մարգարյանի իրավունքները՝ թույլ չտալով նրան 1-ամյա երեխայի հետ մեկնել Ստրասբուրգ, թեև Եվրախորհրդից համապատասխան պաշտոնական հրավեր երեխայի անունով եղել է։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ինքը՝ Տաթև Մարգարյանը։ Դեսպանատունը մերժել է վիզա տրամադրել մեկնումից ընդամենը 2 օր առաջ, որի հետևանքով կինը կանգնել է երկընտրանքի առջև՝ կամ հրաժարվել աշխատանքից (Ստրասբուրգում նա հանդիսանում է կրթական գծով խորհրդատու լսողության խնդիր ունեցող երիտասարդներին վերաբերող ծրագրում), կամ երկու օրվա ընթացքում կրծքի կաթից կտրել մեկ տարեկան դստերը։

«Արևմտյան երկրներում գործող բազմաթիվ հիմնարկներում երեխայի և ծնողի կապն այնքան են կարևորում, որ ծննդաբերությունից հետո մոր հետ ֆիզարձակուրդ է ուղարկվում նաև նորածնի հայրը: Իսկ միջազգային ծրագրերի դեպքում երեխան ևս ճանապարհորդում է մոր հետ: Օրինակ` Բուդապեշտի Եվրախորհրդի երիտասարդական կենտրոնների որոշ սենյակներում կան երեխաների կացության համար հարմարեցված պայմաններ: Այս մասին կամ տեղյակ չեն Ֆրանսիայի դեսպանատանը, կամ էլ մոռացել են: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել երեխայի մուտքի արտոնագրի մերժումը։ Դեսպանատան որոշումը խախտում է մարդու մի շարք իրավունքներ: Այն զրկում է աշխատող կանանց հավասար հնարավորություններից, վտանգի տակ է դնում մոր և մանկան առողջական ու հոգեբանական վիճակը: Ի սկզբանե անօրինական գործողություններում կասկածելով էլ՝ նվաստացնում է մարդու արժանապատվությունը», ֊ Epress.am֊ին ասել է Մարգարյանը:

Դեսպանատան տրամադրած փաստաթղթում նշված է, որ երեխան բավական պատճառ չունի մոր հետ ճանապարհորդելու:

«Փաստորեն այն հանգամանքը, որ երեխան մեկ տարեկան է, կրծքով է կերակրվում և ինքնուրույն չի կարող հոգալ իր առօրյա հոգսերը, բավական պատճառ չէ մոր հետ ճանապարհորդելու համար»,֊ ասել է մայրը։

Դեսպանատանը Տաթև Մարգարյանից բազմաթիվ փաստաթղթեր են պահանջել, այդ թվում՝ տեղեկանք այն մասին, թե ինչ ժամկետով նոտարն իրավունք ունի տրամադրել փաստաթուղթ առ այն, որ հայրը թույլ է տալիս երեխային ճանապարհորդել մոր հետ (ներկայումս Տաթև Մարգարյանի ամուսինը գտնվում է Հայաստանից դուրս և տրամադրել է նոտարով հաստատված նման թույլտվություն): Ի պատասխան՝ նոտարը խնդրել է գրավոր խնդրագիր դեսպանատնից, ինչը, սակայն, դեսպանատունը չի տրամադրել: Փոխարենը՝ պահանջել են ամուսնու անձնագրի այն էջի պատճենը, որը կապացուցի, որ նա անձամբ է եղել Հայաստանում փաստաթղթի տրամադրման ժամանակ, և նոտարը օրենքի խախտմամբ չի տրամադրել փաստաթուղթը:

«Սա ընդամենը ցույց է տալիս, որ երկրում աշխատող փոխհյուպատոսը տեղյակ չէ այդ երկրի` իրեն առնչվող տարրական օրենքներից և չի վստահում օրենքի ներկայացուցչին»,- նշել է Տաթև Մարգարյանը:

Epress.am-ը փորձել է գործի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից, սակայն այնտեղ հայտնել են, որ առանձին գործերի մասին ինֆորմացիան կոնֆիդենցիալ է: «Եթե տիկինն ուզում է, կարող է բողոքարկել վիզան մերժելու որոշումը»,- պատասխանել են դեսպանատնից:

Կինը, սակայն, իրատեսական չի համարել բողոքարկել իր մեկնումից երկու օր առաջ, այն էլ՝ ուրբաթ օրը ստացված որոշումը։

Լուսանկարը՝ Տաթև Մարգարյանի ֆեյսբուքյան էջից