Գլխավոր / Տեսանյութեր / Ինչու են Քաղծառայության խորհրդում բարձր պաշտոնների համար մրցույթները փակ անցկացվելու

Ինչու են Քաղծառայության խորհրդում բարձր պաշտոնների համար մրցույթները փակ անցկացվելու

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը նոյեմբերի 18-ին արգելել է դիտորդներին ներկա գտնվել գլխավոր և բարձրագույն պաշտոնների համար անցկացվող մրցույթներին: Խորհուրդը, մասնավորապես, խոչընդոտել է իրենց մրցույթները սեպտեմբերից մինչ այժմ դիտարկող «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդների գործունեությունը: ՀԿ-ն դիմել է ՄԻՊ գրասենյակին, որի ներկայացուցչին ևս ներսում մերժել են՝ ասելով, որ խորհուրդը դիտորդությունն արգելելու մասին որոշում ունի:

ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանն Epress.am-ին հայտնել է, որ սա քաղծառայության մասին օրենքի խախտում է, որոնցով նախատեսվում է քաղծառայողների մրցույթներում հասարակական վերահսկողություն իրականացնելը:

«Հանրային միջոցներով վարձատրվող քաղաքացիական ծառայողների մրցույթներ են իրականցվում, էդ մրցույթներն էլ են իրականացնում հանրային միջոցներով, և այդ գործընթացի նկատմամբ հանրությունը զրկվում է տեղեկություն ստանալու հնարավորությունից: Սա աբսուրդ է»,- ասել է ՀԿ-ի համահիմնադիր Տիգրան Եգորյանը:

Դիտորդական առաքելության իրականացման ժամանակ էլ խորհուրդը խոչընդոտներ էր ստեղծում, պատմել է Տիգրան Եգորյանը։ Նրա խոսքով՝ իրենց դիտորդներին արգելում էին ձայնագրել մրցույթի հարցազրույցի փուլը, ըստ էության, միակ փուլը, երբ դիմորդը պետք է խոսի և պատասխանի հանձնաժողովի հարցերին. մրցույթի մյուս փուլը գրավոր հարցերին պատասխանելն է:

Բացի դրանից, դիտորդներից մեկին արգելել են մրցույթին մասնակցել ուշանալու պատճառով, մինչդեռ ուշացումը խնդիր կարող է լինել մրցույթի մասնակցի կամ հանձնաժողովի անդամի համար և բացարձակապես կիրառելի չէ դիտորդի պարագայում:

Լուսինե Հակոբյանի խոսքով՝ Խորհրդի անդամ Գևորգյանը դիտորդին ասել է․ «Եթե դու գնաս ուրիշի տուն, քեզ թույլ չտան մնաս, դու կմնա՞ս»։

Մեկ այլ դեպքում Խորհուրդը դիտորդներին բռնի ուժով հեռացնելու համար ոստիկանություն էր կանչել։

Իրավաբանների խոսքով՝ այս բոլոր խոչընդոտները վկայում են, որ դիտորդությունը հանձնաժողովի համար վտանգավոր է, քանի որ որոշ չափով դժվարացնում է ձևական մրցույթներ անցկացնելը: Ըստ դիտորդների՝ բարձր պաշտոնների մրցույթներում մեծ մասամբ մրցակցություն չի լինում, լինում է մեկ հավակնորդ, հանձնաժողովներում հաճախ չեն լինում անկախ գիտնականներ:

«Մեր ներկայությունը թույլ չի տալիս որոշ առումով ձևական մրցույթը անցկացնել: Հետաքրքիր փաստեր են արձանագրվում, օրինակ, երբ հավակնորդը գրավորից ստանում է բարձր միավոր, սակայն «կտրվում է» բանավոր հարցազրույցից, չնայած հանձնաժողովի հուշող հարցերին»,-ասել է Լուսինե Հակոբյանը: