Home / Հայաստան / ՀՀ ԱԺ֊ում մերժվել է Թուրքիայում հույների, ասորիների, եզդիների ցեղասպանությունը դատապարտելու նախագիծը

ՀՀ ԱԺ֊ում մերժվել է Թուրքիայում հույների, ասորիների, եզդիների ցեղասպանությունը դատապարտելու նախագիծը

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը մերժել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացված հայտարարության նախագիծը, որում նշված է՝ ՀՀ ԱԺ֊ն դատապարտում է Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների և այլ կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն: «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայության կողմից տարածված հայտարարարության մեջ նշվում է, որ, նախագիծը մերժելով, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը միացավ «ցեղասպան Օսմանյան կայսրության իրավահաջորդ՝ Թուրքիայի կողմից հայերին ցեղասպանության ենթարկելու վերաբերյալ շարունակաբար ժխտողական քաղաքականությանը»։

«Շուրջ 20-ամյա անկախ Հայաստանի Հանրապետությունը պետական ճանաչում և դատապարտում չի հայտարարել Օսմանյան կայսրության և նրա իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետության ցեղասպան քաղաքականության վերաբերյալ, երբ վերջինիս հետևանքով տեղի են ունեցել ոչ միայն հայ ժողովրդի ցեղասպանություն և Մեծ հայրենազրկում, այլև այլ ժողովուրդների ցեղասպանություն», ֊ ասված է «Ժառանգություն» խմբակցության հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակներն ընդգծում են, որ Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականությունը դատապարտելը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ ազգությամբ հույների, ասորիների և եզդիների պահանջն է, որի մերժումը «հերթական և դատապարտելի որոշումներից մեկն է»:

Խմբակցությունն ընդգծում է նաև, որ բուն դատապարտման նախագծից առանձին միայն «Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր` նշվում է դեկտեմբերի 9-ին» օրենքի ընդունումը ձևական գործողություն է: