Home / Հայաստան / Ոստիկանությունն առաջարկում է վերացնել համակարգում ծառայության անցնելու որոշ սահմանափակումներ

Ոստիկանությունն առաջարկում է վերացնել համակարգում ծառայության անցնելու որոշ սահմանափակումներ

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները կատարելու նախագծով Կառավարությունն առաջարկում է վերացնել ոստիկանության համակարգում ծառայության անցնելու որոշ սահմանափակումներ։ Այս մասին այսօր ԱԺ֊ում զեկուցել է ՀՀ ոստիկանության շտաբի պետ, գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը: Ներկայացնելով նախագիծը՝ նա նշել է, որ այս փոփոխություններին սպասում են բազում ոստիկաններ:

Մասնավորապես, փոփոխություններից մեկով առաջարկվում է ոստիկանությունում որոշ քաղաքացիական պաշտոններ զբաղեցնելու համար վերացնել Զինված ուժերում ծայառած լինելու պահանջը:

Եղիազարյանը կարևորել է այդ կետը՝ ասելով, որ ոստիկանությունը պետք է ապառազմականացվի, թեև ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը կարծիք է հայտնել, որ պատերազմող երկրում զինվորական ծառայությունը պետք է առաջնահերթություն լինի:

Մյուս պարզեցումները վերաբերում են ոստիկանության աշխատողների տարիքային շեմերին: Առաջարկվում է սահմանել ոստիկանական համակարգում աշխատելու նվազագույն շեմ՝ 18 տարեկան: Այժմ կա միայն Ոստիկանությունում աշխատանքի անցնելու առավելագույն շեմ՝ 30 տարեկան, որը ևս առաջարկվում է բարձրացնել՝ որոշ մասնագիտությունների գծով:

Ոստիկանի որակավորում չունեցող անձինք հնարավորություն կունենան աշխատել ոչ միայն կրտսեր և միջին խմբի պաշտոններում, այլև ավելի բարձր պաշտոններ զբաղեցնել: Ըստ օրինագծի՝ այս փոփոխությամբ կվերացվի նրանց մասնագիտական առաջխաղացման խոչընդոտը: