Home / Տեսանյութեր / Ինչո՞ւ էր ուղղաթիռը թշնամու դիրքերից 150 մետրի վրա հայտնվել, հարցնում է Րաֆֆի Հովհաննիսյանը

Ինչո՞ւ էր ուղղաթիռը թշնամու դիրքերից 150 մետրի վրա հայտնվել, հարցնում է Րաֆֆի Հովհաննիսյանը

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը դատապարտում է Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռը խոցելու փաստը, սակայն ողբերգության վերաբերյալ հարցեր ունի նաև հայկական կողմին։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հովհաննիսյանը նշել է, որ Ադրբեջանը պետք է ողջ մարդկության կողմից դատապարտվի «այդ անմարդկային քայլի համար», միևնույն ժամանակ ընդգծել է, թե ոչ մի պատճառ չկար, որ ուղղաթիռը զորավարժությանը մասնակցեր «թշնամու դիրքերից 150 մետր հեռավորության վրա»։

«Այս հարցը բոլորի մտքերի մեջ է և պատասխան է պահանջում», ֊ հայտարարել է «Ժառանգության» առաջնորդը։ Նա նաև ընդգծել է, որ ուղղաթիռը խոցվել է ռուսաստանյան զենքով։

Ստեղծված իրավիճակում Հովհաննիսյանը կարևորել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը, քանի որ «անվտանգության հարցերը պետք է լուծվեն հիմա, ոչ թե հաջորդ ուղղաթիռից հետո»։

Թեև Հովհաննիսյանը պնդել է, որ ԼՂՀ֊ի ճանաչումը հրատապ հարց է, նա ընդունել է, որ թե «Հայաստանը, թե Արցախն իրենց պետականությամբ» պատրաստ չեն ճանաչմանը, քանի որ ՀՀ֊ում չկա լեգիտիմ իշխանություն, իսկ Արցախն իրավունքի երկիր չի դարձել։

«Ժառանգության» առաջնորդը նաև կոչ է արել իր կուսակից Դավիթ Սանասարյանին դուրս գալ հացադուլից։ Վերջինս հացադուլը սկսել է նոյեմբերի 17-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի առջև՝ պահանջելով բացահայտել նոյեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղում ուղղաթիռի խոցման պատճառները ու վերադարձնել սպանված երեք զինծառայողների դիակները։