Home / Հայաստան / Որքան են նվազել Հայաստան ուղարկվող տրանսֆերտները․ «168 ժամ»

Որքան են նվազել Հայաստան ուղարկվող տրանսֆերտները․ «168 ժամ»

Հայաստանի Կենտրոնական բանկն այս ամսվա սկզբին հաղորդագրություն տարածեց, որ 2014 թ. հունվար-սեպտեմբերին բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից ոչ առևտրային դրամական փոխանցումների ներհոսքը կազմել է 1323 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 0,4 տոկոսով։ Միշտ լավատեսորեն տրամադրված հայաստանցի որոշ պաշտոնյաներ ու փորձագետներ այս 0.4 տոկոսը մատի փաթաթան սարքեցին՝ փորձելով հակադարձել այն կարծիքներին, որ ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցների արդյունքում տրանսֆերտները նվազում են, գրում է «168 ժամ»-ը։

Թերթը նշում է, որ ԿԲ-ն այդ ժամանակ դեռ չէր հրապարակել մանրամասն տվյալները՝ ըստ առանձին երկրների։ Չէր նշվել, թե կոնկրետ Ռուսաստանից ուղարկվող փոխանցումներն ինչ փոփոխություն են կրել, չնայած փոխանցումների առյուծի բաժինը պատկանում է հենց Ռուսաստանին։ Այժմ այդ տվյալները կան։

Ըստ ՀՀ ԿԲ սեպտեմբեր ամսվա տեղեկագրի՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին բանկային համակարգի ֆիզիկական անձանց ոչ առևտրային նպատակով կատարված փոխանցումներն աճել են 0.4%-ով կամ շուրջ 4.8 միլիոն դոլարով (ծավալը կազմել է 1 միլիարդ 323 միլիոն դոլար)։ Սակայն այդ թվում Ռուսաստանից եկող դրամական միջոցները նվազել են 24.9 միլիոն դոլարով, կամ 2.2%-ով։ Թերթը նշում է, որ իրականում առավել կարևոր է ոչ թե ներհոսքի ցուցանիշը, այլ զուտ ներհոսքը (այն դեպի Հայաստան ուղարկված և Հայաստանից ուղարկված միջոցների տարբերությունն է)։ Նախկինում միշտ հաշվի է առնվել հենց զուտ ներհոսքը, քանի որ այն թույլ է տալիս ճիշտ պատկերացում կազմել դրամական միջոցների շարժի մասին։ Եվ ըստ ԿԲ տվյալների՝ դրամական փոխանցումների զուտ ներհոսքը այս տարվա հունվար-սեպտեմբերին նվազել է՝ թե՛ Ռուսաստանից, թե՛ բոլոր երկրների կտրվածքով։ Այն նվազել է 16.5 միլիոն դոլարով (1.5%)-ով՝ կազմելով 1 միլիարդ 70.2 միլիոն դոլար։ Իսկ Ռուսաստանից նվազումն ավելի մեծ է՝ 39.6 միլիոն դոլար, կամ 4%։

Այս նվազումը մեծապես պայմանավորված է ռուսական ռուբլու արժեզրկմամբ։ ՀՀ ԿԲ֊ն նշել էր, որ եթե ռուբլին չարժեզրկվեր, ապա դրամական փոխանցումների աճը կկազմեր ոչ թե 0.4, այլ 0.8 տոկոս։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։