Home / Տեսանյութեր / Հայաստանում թմրամոլներին բուժում են ֆիզիկական ուժ կիրառելով. զեկույց

Հայաստանում թմրամոլներին բուժում են ֆիզիկական ուժ կիրառելով. զեկույց

Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բնագավառում պետական քաղաքականությունը պատժիչ բնույթ ունի։ Նման եզրակացության են եկել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչները՝ ուսումնասիրելով 2010-2012 թթ. ՀՀ-ում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագիրը, ՀՀ-ում գործող նարկոլոգիական չորս հաստատությունների աշխատանքը, դրանց պայմանները և մեթոդաբանությունը:

Դիտարկման մասնակիցները համարում են, որ նարկոլոգիական հաստատությունների շենքային պայմանները հիմնականում արժանապատվությունը նվաստացնող են, և միայն Նարկոլոգիական հանրապետական կենտրոնն է (նախկինում՝ Ավանի նարկոլոգիական կլինիկա), որը թմրամիջոց գործածող անձանց տրամադրում է առանձնացված բուժօգնություն:

Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում, Լոռու մարզային հոգենյարդաբանական և Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերներում թրմամիջոց գործածող անձանց բաժանմունքն առանձնացված է մյուս բաժանմունքներից, սակայն ապահովված չէ կանանց օգնություն ցույց տալու հնարավորություն: Չկան նաև բաժանմունքներ անչափահաս անձանց համար:

«Ընդունման ժամանակ անձի վրա արտաքին զննության արդյունքում արձանագրված վնասվածքների դեպքում դրանց առաջացման պատճառների վերաբերյալ քննություն չի իրականացվում: Թմրամիջոց գործածող անձն իր անձնական տվյալների գաղտնիության ապահովման համար ստիպված է վճարել», – ասված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտարկման արդյունքներն ամփոփող զեկույցում:

Հեղինակները բացահայտել են, որ որոշ դեպքերում հիվանդները ստիպված են եղել վճարել 100-120 հազար ՀՀ դրամ: Թմրամիջոց օգտագործող անձանց չեն տրամադրվում նորագույն դեղամիջոցներ, հներն էլ անհրաժեշտ քանակով չեն տրվում:

Իրավապաշտպանները խնդիր են համարում նաև այն, որ հիվանդները բուժման ամբողջական կուրս չեն անցնում: Հիմնականում, երբ դուրս են գալիս սկզբնական սուր վիճակից, նրանք ձգտում են դուրս գրվել հաստատությունից:

«ՀՀ Օրենսդրությամբ ֆիզիկական զսպման միջոցի կիրառումը թույլատրվում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ, այն էլ՝ միայն բուժական նպատակներով: Նարկոլոգիական բուժհաստատություններում՝ թմրամոլությունից և ալկոհոլամոլությունից բուժում ստացող անձանց նկատմամբ օրենքով սահմանված չէ ֆիզիկական զսպման միջոցի կիրառումը, մինչդեռ մոնիթորինգի անցկացման ընթացքում աշխատակիցների հետ հարցազրույցի ժամանակ վերջեիններս նշել են, որ ֆիզիկական զսպման միջոց կիրառվում է նաև թմրամոլությամբ և ալկոհոլամոլությամբ տառապող անձանց նկատմամբ», – ասված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի զեկույցում: 

Լուսանկարում՝ Գյումրու հոգեկան առողջության կենտրոն