Home / Հայաստան / Նախարարը հրահանգել էր վթարից զոհվածների դիակները մեքենայից չհանել․ «ՀԺ»

Նախարարը հրահանգել էր վթարից զոհվածների դիակները մեքենայից չհանել․ «ՀԺ»

Նոյեմբերի 10֊ին Շիրակի մարզի Հոռոմի խաչմերուկի մոտ տեղի ունեցած վթարից հետո, երբ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին զեկուցել են տեղի ունեցածի մասին, նա հրահանգել է ոչ մի պարագայում դիակները մեքենայից չհանել՝ մինչև ինքը տեղ չհասնի։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։

Երիցյանը դեպքի վայր է հասել վթարից 1․5 ժամ հետո, և միայն այդ ժամանակ վթարից այրված մեքենայից սկսել են հանել մարդկանց դիակները։ Թերթը գրում է, որ այս ամենը հիմնավորում է նաև դեպքի օրն Արմեն Երիցյանի արած հայտարարությունը, որը տեղ էր գտել լրատվամիջոցներում։ «Սարսափելի էր ամեն ինչ, մի ահավոր վիճակ էր, վառված էին դիակները, նրանց մաս֊մաս էին հանում»,֊ ասել է նախարարը։

«ՀԺ»֊ն ընդգծում է, որ նախարարը, փաստորեն, առիթը բաց չի թողել մոխրացած դիակների ֆոնին նկարվելու և տեղի ունեցածը որպես սեփական PR օգտագործելու համար։

Թերթը փորձել է վերոնշյալ հրահանգի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Արմեն Երիցյանից․ նախարարը, սակայն, հեռախոսազանգերին չի պատասխանել։

Մանրամասները՝ «ՀԺ»֊ի այսօրվա համարում