Home / Հայաստան / Գառնիի գյուղապետին մեղադրանք է առաջադրվել

Գառնիի գյուղապետին մեղադրանք է առաջադրվել

Կոտայքի մարզի դատախազի ցուցումով Գառնիի գյուղապետին մեղադրանք է առաջադրվել , հաղորդում է ՀՀ Դատախազության պաշտոնական կայքը։

Համաձայն հաղորդագրության՝ Գառնիի ղեկավար Աշոտ Վարդանյանը չի գանձել իր ազգականին պատկանող գազալցակայանի 2 տարվա և բենզալցակայանի 3 տարվա տեղական տուրքը։

Բացի դրանից, գյուղապետը դիտավորությամբ միջոցներ չի ձեռնարկել գյուղի «Գառնու ձոր» տարածքում առանց համապատասխան թույլտվության գյուղատնտեսական նշանակության համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում 6 ջրավազանների ապօրինի կառուցումը և հողատարածքի ինքնակամ զավթումը կասեցնելու ուղղությամբ:

Վարդանյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նույն գյուղի բնակչից` համայնքային սեփականություն հանդիսացող տնամերձ հողամասի օտարման վերաբերյալ մրցույթ անցկացնելու և նրան հաղթող ճանաչելու վերաբերյալ սուտ խոստումներ տալով, զգալի չափերի գումար է հափշտակել:

Ըստ Դատախազության հաղորդագրության՝ նշված դեպքերով հարուցված երեք քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: Վարդանյանը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: