Home / Հայաստան / Զոհված զինվորների ծնողները Սերժ Սարգսյանից որևէ պատասխան են պահանջում

Զոհված զինվորների ծնողները Սերժ Սարգսյանից որևէ պատասխան են պահանջում

Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողներն այսօր հանդիպել են ՀՀ նախագահի նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանի հետ և նամակ հանձնել՝ պահանջելով հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

2007 թվականին բանակում զոհված Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ այս քայլն էլ արվում է, որ հանկարծ նախագահականից չպատճառաբանեն, թե չգիտեին, որ ծնողները հանդիպում են պահանջում:

Հիշեցնենք, որ այս պահանջով ծնողները արդեն մի քանի ակցիաներ անցկացրել են նախագահական նստավայրի մուտքի մոտ, ընդ որում՝ այդ ակցիաներից մի քանիսը ավարտվել են ոստիկանության կողմից ակցիայի մասնակիցների նկատմամբ ուժի կիրառմամբ և նրանց ինքնազգացողության վատացմամբ: 

Ինչպես հայտնել է Վալերի Մուրադյանի մայր Նանա Մուրադյանը, Աիդա Ասատրյանն ասել է, որ իրենք գիտեն զոհվածների ծնողների ակցիայի և պահանջի մասին: Նա ասել է, որ և ինքն է տեղյակ, և «վերևում»:

Հանդիպմանը Նանա Մուրադյանը հայտնել է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը իրենց հետ հանդիպել է և խոստացել է, որ կմիջնորդի՝ Սերժ Սարգսյանը ևս կհանդիպի: Աիդա Ասատրյանը պատասխանել է, որ այն բանից հետո, երբ 2011 թվականին իրենց ակցիայի ժամանակ Սերժ Սարգսյանը խոստում տվեց զբաղվել գործերով, ծնողներին հանդիպել է Գլխավոր դատախազը:

«Բայց ինչ է փոխվել, մենք հենց նախագահի հետ ենք պահանջել հանդիպում, քանի որ նա այս ճաղերի մոտ մեզ խոստում է տվել: Եթե չի ցանկանում, հինգ ծնող ենք, ամեն մեկիս հինգ րոպե տրամադրել, թող սևով սպիտակի վրա գրի՝ ես իմ խոստմանը տեր չեմ, կամ թող ասի՝ սխալվել եմ՝ խոստում տալով: Թող բացատրի, ընդամենը»,- ասել է Գոհար Սարգսյանը: